«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
-Պարոն Մուկուչյան, դեռ պահանջո՞ւմ են Ձեր հրաժարականը:
-Հրապարակումներ կային կայքերում, ներկայացվում էր նման տեսակետ, ես էլ եմ առիթ ունեցել իմ տեսակետը հնչեցնելու: Համենայնդեպս, գոնե հիմա մտածել նման երևույթի մասին, երբ ընտրական գործընթացը, նախապատրաստական աշխատանքների առումով, գտնվում է ամենաեռուն շրջանում, դա ավելի շատ կարող է հակառակ ընկալման բերել: Արդյո՞ք եթե նման կերպ մտածի հանձնաժողովը, ապա դա, որպես պատասխանատվությունից խուսափելու կամ աշխատանքից փախչելու փորձ չի դիտվի: Այսօր մեր գերխնդիրն է նախապատրաստվել և փորձել պատշաճ իրականացնել այն բոլոր գործառույթները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով:
-Միշտ, երբ ընտրություններում ինչ-որ բան այն չի եղել կամ ընտրությունները կեղծվել են, կարծիք է եղել, որ այդ կեղծիքը կատարվել է ԿԸՀ-ում, և Ձեզ հասցեագրված մեղադրանքները նաև այս հիմքից են գալիս, կա նաև մյուս ոչ պակաս կարևոր կարծիքը, ըստ որի՝ ԿԸՀ-ն ընդամենը տեղամասերից տվյալները հավաքագրող մարմինն է, և եթե ընտրությունները կեղծվել են, ապա տեղամասերում են կեղծվել: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:
-Գիտեք, խնդիրն այն է, թե ինչպիսին է մեխանիզմը, և որ հանձնաժողովն ինչ գործառույթ ունի: Նախ՝ պետք է նկատել, որ, իհարկե, շատ կարևոր է ԿԸՀ գործառույթը, բայց ընտրական համակարգը մեզ մոտ կազմված է եռաստիճան հանձնաժողովներից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կուսակցական սկզբունքով ձևավորվող հանձնաժողովներ են, այնտեղ նշանակումներ են կատարվում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից, և նրանք մեծամասնություն են կազմում այդ հանձնաժողովներում, ընտրական ամբողջ գործընթացը կազմակերպվում է այդ հանձնաժողովների կողմից՝ արդյունքների ամփոփում, արձանագրությունների կազմում, և այդ արձանագրությունները փոխանցվում են ԿԸՀ: Ի դեպ, այստեղ հրապարակայնությունը ապահովվում է օրենքի պահանջներով՝ լիակատար, այսինքն՝ տեղամասում, երբ կազմվում է արձանագրություն, մեկ օրինակ փակցվում է տեղամասում, տրամադրվում է տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց և հետո տեղամաս առ տեղամաս աղյուսակավորում է կատարվում ԿԸՀ կայքում: Եվ, իհարկե, եթե լինի որևէ դեպք, երբ տեղամասում կատարված քվեարկության արդյունքները և ԿԸՀ-ի հրապարակած թվերը տվյալ տեղամասի վերաբերյալ տարբեր լինեն, և այս դեպքում ներկայացվի մեղադրանք, սա, իհարկե, կլինի հիմնավորում, բայց ես չեմ հիշում որևէ նման դեպք:
–Որտե՞ղ է ավելի հեշտ ընտրության արդյունք կեղծելը՝ ընտրատեղամասո՞ւմ, թե՞ այլ տեղ:
-Խնդիրը այն է, թե որտեղ է նյութականացվում քվեարկության արդյունքը. այսինքն՝ ընտրողը եկավ, քվեարկեց, առաջին և կարևորագույն փաստաթուղթը տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունն է՝ առաջնային և վերջնական փաստաթուղթ քվեարկության արդյունքի վերաբերյալ: Դրանից հետո այդ թվերի մեջ որևէ հանձնաժողովում ցանկացած ոչ հիմնավոր փոփոխությունը, թվերը միտումնավոր փոխելը արդեն պաշտոնական փաստաթղթի կեղծում է (մեխանիկական վրիպակները նկատի չունեմ):
-Եվ ավելի հեշտ է տեղամասո՞ւմ կեղծելը:
-Եթե կա որևէ խնդիր, երբ քվեարկության իրական պատկերը չի համապատասխանում քվեարկության արդյունքների արձանագրության թվերին, ապա միակ օղակը, որտեղ դա կարող էր տեղի ունենալ, տեղամասային ընտրական հանձնաժողովներն են:
-Շատերը ռեյտինգային ընտրական համակարգը չարիք համարեցին հետընտրական շրջանում: Դուք ի՞նչ եք համարում:
-Գոյություն ունեն տարբեր ընտրական համակարգեր, ինչպես, ասենք՝ տարածքային ընտրացուցակներով ընտրությունը, որը այնպես չէ, որ նորույթ էր՝ մեր կողմից հայտնաբերված, կան տարբեր ընտրական համակարգեր՝ մեծամասնական, համամասնական. թե որ տարբերակը պետք է ընտրվի, դա քաղաքական խնդիր է, քաղաքական ուժերն են որոշում, թե ինչպիսին պիտի լինի ԸՕ-ն, և ԿԸՀ-ի կողմից, քանի որ ապաքաղաքական մարմին է, նշված հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում ներկայացնելը կարող է տարաբնույթ գնահատականների արժանանալ, հետևաբար, հանձնաժողովը միշտ ձեռնպահ է մնացել ընտրակարգի վերաբերյալ տեսակետ ներկայացնելուց: Հանձնաժողովների խնդիրը Ընտրական օրենսգրքում ամրագրված դրույթները լիարժեք կյանքի կոչելն է:
-Որպես ընտրող կամ որպես ընտրական պրոցեսին պրոֆեսիոնալի աչքերով նայելով, ըստ Ձեզ, պե՞տք է վերացնել տարածքային ցուցակներով ընտրությունը:
-Եթե մենք նայում ենք մեծամասնական և համամասնական ընտրակարգերը և նրանց տարատեսակները, անգամ տեսության մեջ միանշանակ չէ ընկալումը այս կամ այն ընտրակարգի վերաբերյալ: Անգամ գիտական մակարդակով իդեալական որևէ մոդել գոյություն չունի, յուրաքանչյուր մոդել ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Եվ երբ ցանկացած երկիր ընտրում է այս կամ այն մոդելը, հաշվի է առնում տվյալ երկրում առկա քաղաքական ուժերի մոտեցումները և տեսակետները: Ասելը, որ որևէ մոդել իդեալական է, ճիշտ չի լինի:
-Բայց մաքուր համամասնական ընտրակարգի անցնելը կհեշտացնի ԿԸՀ-ի աշխատանքը, և կարծում եմ՝ Ձեր հանձնաժողովի հանդեպ կասկածանքը կվերանա:
-Եթե նայում ենք աշխատանքի քիչ կամ շատ լինելուց, իհարկե, կախված ընտրակարգից՝ կարող են աշխատանքի ծավալները փոխվել: Իսկ ընտրակարգը և կասկածանքը ուղղակիորեն կապված չեն:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































