Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարի դեմ բողոքի գործողությունները շարունակվում է։ Մարալիկցիները և խոշորացված համայնքների մյուս բնակիչները պահանջում են Գևորգյանի հրաժարականը։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննես Ուռուտյանը հայտնեց, որ արդեն 8-րդ օրն է՝ իրենք շուրջօրյա նստացույց են սկսել համայնքապետարանի դիմաց։ «Ամեն ինչ իրենից է գալիս։ 14 տարի է աշխատում է որպես քաղաքապետ, Մարալիկը բաժանել է երկու մասի։
Ընտրություններից հետո սրվել էր իրավիճակը, ժողովրդին հանգստացրինք, որովհետև գիտեինք՝ Նիկոլն ինչ էր անելու։ Ես Նիկոլին վաղուց եմ ճանաչում, վարչության անդամ ենք եղել միասին, Արթիկում իրար հետ ենք նստել, վերջիվերջո։ Ժողովուրդը՝ տեսնելով, որ ամեն ինչ մնում է նույնը, ՀՀԿ-ն է ղեկավարում մեր փոքրիկ Մարալիկը, որոշեց, որ չեն ուզում ինքը մնա։
Արդեն մեկ տարի է՝ նա աշխատում է որպես խոշորացված համայնքի ղեկավար, արդյունք չկա։ Ասեմ, որ Մարալիկի երիտասարդների 60-70 տոկոսը դուրս է գալիս այս պահանջով։ Նրանց մեջից վախերն էլ է դուրս եկել»,- տեղեկացրեց Ուռուտյանը, ապա հավելեց՝ 7-8 վրան են տեղադրել, երիտասարդները գիշեր, թե ցերեկ նստած են։
Մեր զրուցակցի խոսքով՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը չի պատրաստվում հրաժարական տալ․ «Ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա։ Ինքը շատ վնաս է տվել Մարալիկի հասարակությանը։ Ինքը չի կարող չգնալ։ Մեզ հետաքրքրում է, որ ինքը արագ կերպով հեռանա։ Հասկանում եք՝ ոչ թե ինքն է մեր քաղաքապետը, այլ իր մորաքրոջ ամուսինը և քեռին»։ Համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջողները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և սպասում են, որ դատախազությունից և ԱԱԾ-ից գալու են Մարալիկ, ստուգումներ իրականացնեն․ «Մենք դրան ենք սպասում, բայց բողոքի գործողությունները չենք դադարեցնում»։
Օբյեկտիվության համար պետք է նշենք, որ խոշորացված համայնքների նախկին ղեկավարներից կային, ովքեր գոհ էին Գևորգյանից, իր աշխատանքներից։ Օրինակ՝ Ձորակապ համայնքի նախկին ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց՝ ինչ հարցով գյուղացիները դիմել են Գևորգյանին, մերժում չեն ստացել։ Այս պահին էլ դպրոցի դիմացի մայթերի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում․ «Մենք իրենից աջակցություն տեսել ենք, ընդառաջել է մեզ։ Ես, որպես համայնքի վարչական ղեկավար, դժգոհ չեմ իրենից»։
Սառնաղբյուրի վարչական ղեկավարը, նախ, ասաց՝ իրենք դեմ էին համայնքների խոշորացումին, ապա խոսելով խոշորացված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և նրա հրաժարականը պահանջողների մասին, ասաց՝ ինքը մինչև վերջ պաշտպանելու է Արտակ Գևորգյանի թեկնածությունը․ «Ես հարմար եմ գտել իրեն պաշտպանել։ Դա պայմանավորած է թե՛ իր գրագիտությամբ, թե՛ աշխատանքային գործունեությամբ, ամեն ինչով»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































