Իրանի արտգործնախարարը այսօր պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող փողերի լվացման՝ աստիճանաբար ավելի խորացող ճգնաժամը: Այս մասին հայտնում է «Ամեչիկայի ձայնը»:
Այս մեղադրանքների պատճառով Անկարայի և նրա կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի տակ է դրվում Թուրքիայի կողմից ապագայում միջազգային հանրության կողմից ֆինանսավորում և ներդրումներ ստանալու հնարավորությունը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի մեկօրյա այցի նպատակն է բարելավել հարաբերությունները երկու պետությունների միջև: Զարիֆիի այցը, սակայն, կատարվում է այն ժամանակ, երբ Թուրքիայի ամենաակնառու պետական բանկերը հայտնվել են Իրանի ներգրավվածությամբ կաշառակերության խոշոր սկանդալի կիզակետում:
Թուրքիայի «Հալքբանկ» պետական բանկի գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը վերջերս ձերբակալվել էր՝ իր տանը կանխիկ խոշոր գումար հայտնաբերելուց հետո: Ըստ Թուրքիայի դատախազության՝ բանկերի հետ կապված սկանդալը կազմում է Թեհրանի կողմից միջազգային հանրության կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու նպատակով միլիարդավոր դոլար ծավալով փողերի լվացմանն ուղղված դավադրության մասերից մեկը:
Ըստ վերլուծաբանների՝ հետաքննությունը ստվեր է գցում Թուրքիայի ֆինանսական ամբողջ ոլորտի վրա:
«Հալքբանկ»-ի դեմ ուղղված մեղադրանքները, ըստ Global Source Partners հետազոտական կենտրոնի վերլուծաբան Աթիլա Եսիլադայի, նշանակում են, որ Թուրքիայի բանկային համակարգը լավ չի պաշտպանված կամ լավ չի վերահսկվում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նման գործողություններից: Նրա կարծիքով՝ քիչ է հավանականությունը, որ Թուրքիային կվերսկսեն տրամադրել փոխառություններ:
Ստամբուլի «Ֆինանսբանկ»-ի ավագ տնտեսագետ Ինան Դեմիրի կարծիքով՝ Թուրքիայի բանկային համակարգի հետ կապված սկանդալը ծավալվել է այն ժամանակ, երբ նման իրադարձությունները կարող են մեծ վնաս հասցնել երկրին:
«Թուրքիայի բանկային համակարգը, այդ թվում՝ պետական բանկերը, և մասնավորապես՝ «Հալքբանկ»-ը, վատ համբավ են ձեռք բերել»,- ասել է Դեմիրը՝ հավելելով. «Միջազգային շուկայում ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողության խստացման ժամանակ նման վատ համբավի հետևանքով կարող են է՛լ ավելի խստացվել ֆինանսավորման պայմանները, իսկ գալիք 12 ամսվա ընթացքում Թուրքիային անհրաժեշտ կլինի վերաֆինանսավորել 164 միլիարդ դոլար կազմող արտաքին պարտքը»:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը, սակայն, հերքել է «Հալքբանկ»-ի դեմ ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, թե կոռուպցիոն սկանդալը բանկի և Թուրքիայի դեմ ուղղված դավադրություն է: Բաբաջանը, բացի այդ, պաշտպանել է Իրանի հետ «Հալքբանկ»-ի հարաբերությունները՝ դրանք բնորոշելով որպես «բնական և մրցակիցների նախանձն առաջացնող»:
Global Source Partners հետազոտական կենտրոնի վերլուծաբան Աթիլա Եսիլադան, սակայն, նշում է, որ Թուրքիայի ֆինանսական ոլորտում «անհանգստացնող անվստահությունը» վտանգ է ներկայացնում երկրի տնտեսության համար:
«Հանկարծակի առաջացել են կասկածներ այն մասին, թե արդյոք Թուրքիան գործարարությամբ զբաղվելու համար լեգիտի՞մ երկիր է»,- ասում է վերլուծաբանը:
Չնայած Թուրքիայի կառավարության կողմից կաշառակերության հետաքննության մեջ ներգրավված ոստիկանության և դատախազության հարյուրավոր բարձրաստիճան ծառայողներին պաշտոնից հեռացնելուն՝ հետաքննությունը շարունակվում է: Վերլուծաբանները զգուշացնում են, որ հետաքննության ընթացքում կատարվող բացահայտումները միմիայն կավելացնեն միջազգային բանկերի և ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ արդեն իսկ ձևավորված կասկածները:







































