«Հեղափոխությունը դեռ շարունակվում է, և այս իրավիճակում թույլատրելիի սահմանները մի քիչ ընդլայնվում են. հնարավոր չէ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել առանց որևիցե խախտման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ քաղաքական պայքարն ավարտված չէ:
Նրա խոսքով՝ այսպիսի պայմաններում միշտ էլ տուժել է խոսքի ազատությունը: Այս համատեքստում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը, ԽԱՊԿ նախագահը նշեց. «Իհարկե, սահմանափակվել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիս տալու իրավունքը: Բայց այս խախտումը ես չէի խառնի, ասենք, լրագրողների իրավունքի խախտման հետ, որովհետև լրագրողները կարողացան անկաշկանդ այդ փաստերը հավաքել և լուսաբանել, թե ինչ է տեղի ունեցել այդ պահին. որևէ ճնշում կամ բռնություն այս առումով չի եղել, պարզապես քաղաքական մի ակցիային հակադրվել է մեկ այլ քաղաքական ակցիա»:
Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը իր ազատվելուց հետո քաղաքական քայլ էր՝ իր իմիջը, իր դեմքը փրկելու. «Հազիվ թե նա որևէ սենսացիոն հայտարարություն աներ, որովհետև ինչ պետք է ասեր, նա ասել էր «Երկիր մեդիային» տված հարցազրույցում: Ես կարծում եմ, որ ի վերջո Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այլ հնարավորություններ էլ ունի. ցանկության դեպքում նա շատ հանգիստ կարող է այդ ասուլիսն անցկացնել իր գրասենյակում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































