ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հանդիպել նախարարի և աշխատակազմի հետ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ամերիկացի գործընկերոջը Հայաստան է բերել տնտեսական հետաքրքրությունը. «Ձևավորվել է նոր կառավարություն, և հետաքրքրել է, թե նոր կառավարությունն ինչ տնտեսական քաղաքականություն է վարելու: Քննարկման թեմաները բազմաշերտ էին, հիմնականում քննարկվել է ներդրումային քաղաքականությունը և փորձի փոխանակումը օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում»:
Աբագ Ավանեսյանի խոսքով՝ մեծ ընկերությունների համար Հայաստանը գրավիչ է դառնում, երևում են դրական միտումներ: Նրա խոսքով՝ Հայաստանում աճել է և՛ արտահանման ցուցանիշը, և՛ ներմուծման: «Օրենքի առաջ բոլորը հավասար են, մրցակցային դաշտը նույնն է բոլորի համար. այս երկու մոտեցումն ապահովելով՝ ժամանակի ընթացքում մենաշնորհային դիրքերը կվերանան»,- նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ոչ ոք օրենքից վեր չպետք է լինի»:
Ավանեսյանի խոսքով՝ հուլիսին հացաբուլկեղենի, շաքարի գինը անկում է ապրել, մսի գինն աճել է: «Մսի գնի բարձրացումը մասամբ պայմանավորված է նաև շուկայում կանոնների փոփոխությամբ. սա կարճաժամկետի համար սպասելի էր, հետագայում գները կկայունանան: 20 տոկոսով աճել է նաև չորացված մրգերի գինը, որը պայմանավորված է արտահանման պահանջարկով: Նորզելանդական կարագի գինը բարձրացել է 30 տոկոսով, այն միջազգային շուկայում ևս թանկացել է»,- նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































