«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժանմունքի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը
-Պարոն Հովհաննիսյան, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վերջերս իր հարցազրույցում հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրության հրամանն ապօրինի է եղել, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու մասին այդ հրամանագրով նախատեսվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, որովհետև այդ ռեժիմի իրականացման արդյունքում անխուսափելիորեն խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, որոնք կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Իսկապե՞ս այս տեսանկյունից հրամանագիրը կարող ենք համարել ապօրինի։
-Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008 թ. մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրն ընդհանրապես չէր կարող ընդունվել, դրա ընդունումն արդեն հակասահմանադրական է եղել, այնպես որ ըստ էության այդ հրամանագրով արտակարգ դրության իրավական ռեժիմի կարգավորման թույլատրելիության մասին Ձեր հարցին անդրադառնալու կարիք ամենևին չկա։
-Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում։
-Որովհետև ինքներս կարող ենք ստուգել այդ հրամանագրի սահմանադրականությունն ու համոզվել իմ ասածում։ Եկեք փորձենք։
Այսպես, իրավական ակտերի սահմանադրականությունը հասկացվում է երկու իմաստով՝ ձևական և նյութական։
Ձևական սահմանադրականության ներքո պետք է ստուգել իրավական ակտն ընդունելու իրավասությունը, ընթացակարգը և ձևը։ Ստուգենք։
- Արդյո՞ք այդ հրամանագիրն ընդունել է դրա իրավասությունն ունեցող մարմինը։
Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը պատկանում է ՀՀ նախագահին։ Հրամանագիրն ընդունել է այն ժամանակ ՀՀ նախագահ Քոչարյանը, ուստի իրավասության պահանջը պահպանվել է։
- Պահպանվե՞լ է հրամանագրի ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը։
Արտակարգ դրություն հայտարարելու ընթացակարգի առումով Սահմանադրությունը պահանջում է նախագահից նախապես խորհրդակցել Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ։ Քոչարյանը պնդում է, որ այդ ընթացակարգն ինքը պահպանել է։ Ես, բնականաբար, մանրամասն տեղեկություններ չունեմ այդ մասին, բայց ենթադրենք, թե նա ճիշտ է ասում։ Ստացվում է, որ պահպանվել է նաև արտակարգ դրություն հայտարարելու ընթացակարգը։
- Պահպանվե՞լ է արդյոք արտակարգ դրություն հայտարարելու ձևը, այն է՝ իրավական ակտի տեսակը և դրա հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը։
Ձևի վերաբերմամբ նույնպես խնդիրներ չկան, արտակարգ դրությունը հայտարարվել է նախագահի հրամանագրով, ուժի մեջ է մտել տեղեկացման պահից։
Այսպիսով, կարելի է պնդել, որ նախագահի հրամանագիրը ձևական առումով սահմանադրական է։
-Ենթադրում եմ՝ հիմա պետք է ստուգել նաև նյութական սահմանադրականությունը, այո՞։
-Այո, շատ ճիշտ եք։ Այժմ պետք է պարզենք, թե արդյոք հրամանագիրը սահմանադրական է նաև նյութակա՞ն առումով, այսինքն՝ իր բովանդակությամբ։ Հարցի պատասխանն ուղղակիորեն կախված է նրանից, թե հրամանագիրն ինչքանով է համապատասխանում 2008թ. գործող Սահմանադրության պահանջներին։
Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ նախագահն արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ունի միայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Իրավաբանները գիտեն, որ իրավանորմերը գործում են «եթե – ապա» սխեմայով, այսինքն՝ եթե առկա է իրավանորմի փաստակազմը, ապա վրա է հասնում նորմի իրավական հետևանքը։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին պարբերության նորմի համար սա նշանակում է, որ դրա իրավական հետևանքը («հայտարարում է արտակարգ դրություն») կարող է վրա հասնել միայն այն դեպքում, եթե առկա է նորմի փաստակազմը («սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում»)։ Հետևաբար, պետք է ստուգել, թե արդյոք 2008թ. մարտի 1-ի դրությամբ առկա՞ է եղել Սահմանադրությամբ նախատեսված այս նախապայմանը, առանց որի արտակարգ դրություն հայտարարել չի կարելի։
-Իսկ իրականում ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ո՞ր դեպքում իրավիճակին կարող ենք նման բնութագիր տալ:
-Նախ պետք է իմանալ, թե ինչ է սահմանադրական կարգը, ու նաև, թե ինչ է անմիջական վտանգը։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին պարբերության իմաստով՝ սահմանադրական կարգը իրավական պետության սկզբունքին համապատասխանող իշխանակարգ է, որը գործում է ժողովրդի ինքնորոշման և ազատության ու հավասարության սկզբունքների հիման վրա՝ ժողովրդի մեծամասնության կամքին համապատասխան՝ բացառելով ցանկացած բռնի ու կամայական իշխանություն։ Այդ կարգի հիմնարար սկզբունքների թվին առնվազն պատկանում են՝
- Սահմանադրության մեջ կոնկրետացված մարդու իրավունքների, ամենից առաջ՝ կյանքի և ընդհանուր ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը
- ժողովրդաիշխանությունը
- իշխանությունների բաժանումը
- կառավարության հաշվետվողականությունը
- վարչարարության իրավաչափությունը
- դատարանների անկախությունը
- բազմակուսակցականությունն ու բոլոր քաղաքական կուսակցությունների համար հնարավորությունների հավասարությունը և սահմանադրությանը համապատասխան ընդդիմություն կազմելու իրավունքը։
Այս կարգին պետք է սպառնացած լինի անմիջական վտանգ։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 1-ին պարբերության իմաստով՝ անմիջական վտանգը մի իրադրություն է, որը դեպքերի հետագա անխոչընդոտ զարգացման պարագայում կարող է հանգեցնել սահմանադրական կարգի խախտման։
-Իսկապես եղե՞լ է նման իրադրություն։
-2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիները ցույցեր էին անում ընտրությունների արդյունքների դեմ։ Նրանք օգտվում էին այդ ժամանակ գործող Սահմանադրության 27-րդ և 29-րդ հոդվածներով ամրագրված իրենց հիմնական իրավունքներից։ Հանրահավաքներ կազմակերպելը և դրանց ընթացքում ազատորեն կարծիք հայտնելը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ չի կարող գնահատվել իբրև անմիջական վտանգ երկրի սահմանադրական կարգի նկատմամբ, այլ, հակառակը, այդ հիմնական իրավունքները սահմանադրական կարգի մի մասն են։
Իմ համոզմամբ՝ հենց արտակարգ դրության մասին հրամանագիրն ինքն է եղել անմիջական վտանգ ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ դրա միջոցով փաստացի ապահովագրվել են 2008թ. նախագահական ընտրությունների կեղծված արդյունքները։ Չէ՞ որ ընտրությունների կեղծմամբ խախտվում է սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներից առնվազն մեկը՝ ժողովրդաիշխանության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին մասով և անգամ երաշխավորված է այսպես կոչված «հավերժության դրույթով», այսինքն՝ անփոփոխելի է։
Հետևաբար, իմ խորին համոզմամբ, արտակարգ դրություն հայտարարվել է ոչ թե իբր քաղաքացիների կողմից ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը վերացնելու համար, այլ, հակառակը, կեղծված ընտրությունների միջոցով փաստացի խախտված սահմանադրական կարգի վերականգնումն արգելելու համար։
-Բայց մենք ականատես եղանք, որ այն ժամանակվա իշխանություններին հաջողվեց ընտրությունների օրինականությունը հաստատել սահմանադրական դատարանի որոշմամբ։
-Այն պնդումները, թե 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը հաստատվել է սահմանադրական դատարանի որոշմամբ, հեշտությամբ հերքվում են այն հավաստի տեղեկությամբ, որ այդ որոշումն ընդունվել է սահմանադրական դատարանի վրա ապօրինի ճնշման պայմաններում, ուստի խիստ կասկածի տակ է նաև սահմանադրական դատարանի այդ որոշման սահմանադրականությունը։ Հետևաբար, արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ նախապայմանը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, առկա չի եղել, ուստի արտակարգ դրության հայտարարումը բացառվում է։ Հրամանագիրն ամբողջությամբ հակասահմանադրական է, ինչից էլ բխում է դրանով նախատեսված բոլոր սահմանափակումների հակասահմանադրականությունը։ Այս տեսանկյունից, ըստ էության, արդեն բոլորովին անկարևոր է, թե արդյոք նախագահն իրավունք ունե՞ր իր այդ հրամանագրով կարգավորել արտակարգ դրության իրավական ռեժիմը, թե՞ ոչ։
-Իսկ դա ի՞նչ հետևանքներ է առաջացնում հրամանն արձակողի՝ տվյալ դեպքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։
-Հետևանքները կարող են շատ բազմազան լինել՝ սկսած քաղաքական պատասխանատվությունից, վերջացրած՝ քրեականով։ Նախ՝ խնդրո առարկա հրամանագիրը ժամանակին սահմանադրական դատարանի կողմից պիտի համապատասխան դիմումի առկայության դեպքում ճանաչվեր հակասահմանադրական և անվավեր։ Ենթադրում եմ, որ նման դիմում չի եղել, բայց լինելու դեպքում էլ սահմանադրական դատարանը հաստատ չէր համարձակվի այն հակասահմանադրական ճանաչել։ Հիմա քննարկվում է նախկին նախագահի քրեական պատասխանատվության հարցը։ Պետք է ուղղակի սպասել ու տեսնել, թե ինչ կլինի։
-Պնդումներ կան, որ նախագահն անձեռնմխելի է, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
-Այդ հարցի պատասխանը կախված է նախագահի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմի՝ 2008թ. գործող Սահմանադրության 56.1-րդ հոդվածի ճիշտ մեկնաբանումից։
Նորմի ճիշտ մեկնաբանման համար հատկապես կարևոր է պարզել նորմի նպատակը. ինչո՞ւ է սահմանադիրը նման նորմ նախատեսել, ի՞նչ արժեք է նա պաշտպանում այդ նորմով։
Նախ՝ 56.1-րդ հոդվածի նորմը, որը, ի դեպ, տառացիորեն համապատասխանում է գործող Սահմանադրության 140-րդ հոդվածին, չի կարգավորում պետության գլխի միջազգային իրավական անձեռնմխելիությունը։ Այն բացառապես հայկական սահմանադրական իրավունքի հարց է։ Միջազգային իրավական անձեռնմխելիությունը պաշտպանում է պետության գլխին օտարերկրյա պետությունների քրեական իշխանությունից։ Միջազգային իրավական անձեռնմխելիությունն իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ պետության գլուխը գտնվում է ուրիշ երկրում։ Բացի դրանից՝ պետության գլխի միջազգային իրավական անձեռնմխելիությունը խարսխված է պետության ինքնիշխանության վրա և այդ պատճառով բխում է բացառապես միջազգային սովորութային իրավունքից, այլ ոչ թե Դիվանագիտական իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագիտական իմունիտետի մասին 31-րդ հոդվածից։ Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 56.1-րդ նորմի քննարկման ժամանակ անիմաստ է որևէ համեմատություն դիվանագիտական անձեռնմխելիության կամ պետության գլխի միջազգային իրավական անձեռնմխելիության հետ։
Հիմա փորձենք պարզել նորմի նպատակը։ Ես համոզված եմ, որ ոչ մի ողջախոհ իրավաբան լրջորեն չի պնդի, թե այդ նորմի նպատակը հանրապետության նախագահին ազատորեն (պաշտոնեական) հանցագործություններ կատարելու և պաշտոնը վայր դնելուց հետո անպատիժ հեռանալու հնարավորություն տալն է։ Ճի՞շտ է։ Կարծում եմ՝ այո։
-Բայց ո՞րն է այդ նորմի իմաստը։
-Սահմանադիրը պաշտոնական գործունեության ընթացքում կատարված արարքների առնչությամբ անձեռնմխելիության մասին կարգավորում էլի ունի, օրինակ՝ պատգամավորի դեպքում՝ գործող Սահմանադրության 96-րդ հոդվածը։ Գիտության մեջ անվիճելի է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը պաշտպանում է ոչ թե պատգամավորին, այլ խորհրդարանը։ Պատգամավորի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորի խորհրդարանի անխոչընդոտ գործունեությունը։ Հետևաբար, հանրապետության նախագահի անձեռնմխելիության մասին նորմի նպատակը ևս ոչ թե այդ պաշտոնն զբաղեցնող անձին հետապնդումներից պաշտպանելն է, այլ բացառապես հանրապետության նախագահի պաշտոնի անխոչընդոտ իրականացման երաշխավորումը։
Այս իմաստով մեկնաբանությունը հաստատվում է նաև ՀՀ Սահմանադրության 141-րդ հոդվածով։ Նախագահի անձեռնմխելիության մասին դրույթը նրան ամենևին չի պաշտպանում 141-րդ հոդվածի հիման վրա իրականացվող հետապնդումից։ Օրինակ՝ եթե նախագահը մեկ այլ պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան հաղորդում է գաղտնի տեղեկություններ, որպեսզի արարքը Քր.օր.-ով նախատեսված պետական դավաճանություն է, ապա նա կարող է հանգիստ հետապնդվել անգամ պաշտոնավարման ընթացքում, և անձեռնմխելիության մասին դրույթը նրան դրանից ամենևին չի պաշտպանում։
Քանի որ, իմ համոզմամբ, Սահմանադրության 56.1-րդ հոդվածը սահմանադիրը սահմանել է ոչ թե նախագահի պաշտոնն զբաղեցնող կոնկրետ անձի մասնավոր շահը, այլ նրա զբաղեցրած պաշտոնի բնականոն գործունեությունը, այսինքն՝ հանրային շահը պաշտպանելու նպատակով, ուստի, եթե նախագահը կատարում է հանցագործություն, ապա ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ տեսնում այն մոտեցման համար, թե ինչու նա չպիտի պատասխան տա իր կատարած հանցագործության համար պաշտոնից հեռանալուց հետո։ Չէ՞ որ հանրապետության նախագահի պաշտոնի բնականոն գործունեության շահի պաշտպանության հարց այդ ժամանակ այլևս չկա։








































