Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն քննում է Մարտի 1-ի քրեական գործը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ամեն օր բազմաթիվ մարդկանց են հարցաքննում, որոնք 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալվել են, բռնությունների են ենթարկել, խախտվել են նրանց իրավունքները։
Օրեր առաջ էլ ՀՔԾ-ն հարցաքննել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքի հանգամանքով, սակայն նշեց, որ քննիչներին ավելի շատ հետաքրքրում էր մարտի 1-ին բանակի մասնակցության խնդիրը։
Մասիս Այվազյանին ձերբակալել էին առավոտյան, ժամը 5:45-ին, հենց Ազատության հրապարակից, երբ ոստիկանությունը ներխուժել և բռնություններ էր գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ձերբակալությունից հետո Այվազյանին տեղափոխել էին ոստիկանություն, որտեղ արձանագրել էին բերման ենթարկվելու ժամը, իսկ հետագայում մեղադրանք առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (Քր.օր.-ի 316 հոդված) և զանգվածային անկարգություններ հրահրելու (225 հոդված) շաբլոն մեղադրանքներով։
«Շատերի մեղադրանքը նույնն էր, ես Հյուսիսային պողոտայում ընդհանրապես չեմ եղել, քրգործում գրել էին, թե ինձ ձերբակալել են Հյուսիսային պողոտա-Պուշկին խաչմերուկում, մինչդեռ ես այնտեղ չեմ էլ հասցրել լինել։ Հետո էլ վկաներ էին բերում՝ իբր ինձ տեսել են այդ հատվածում, սակայն ոստիկանական բաժնում ճիշտ էին ձևակերպել, և չկարողացան շինծու մեղադրանքը սարքել»,- նշեց Մասիս Այվազյանը։
Այվազյանի իրավունքները խախտվել են նաև կալանավորված ժամանակ, դատարանի վճռով երկամսյա կալանքից հետո նրան ապօրինի կերպով ևս 15 օր՝ մայիսի 2-ից 17-ը, պահել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց կալանքի ժամկետը երկարաձգելու կամ գործը դատարան ուղարկելու։ Ապօրինի կալանքի գործով նրա բողոքն այժմ գտնվում է Եվրադատարանում։
Այսօր Մասիս Այվազյանն ու նրա ընկերները վստահ են, որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի, և վերջապես օբյեկտիվ քննություն կընթանա։ «Տասը տարի մտածում ենք, ուզում ենք, որ գործը բացահայտվի։ Չբացահայտվելու տարբերակ չկա, հազարավոր մարդիկ են եղել այնտեղ, ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին հարցաքննել է հարկավոր»,- նշեց նա։
Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ վստահ է, որ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կընթանա, բացի Քոչարյանից՝ տասնյակ այլ անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում կստանա։ «Ոստիկանական համակարգի պաշտոնյաների խնդիրն է բարձրացվելու։ Շարքային մի ոստիկանի հարցաքննեն, ասելու է՝ դասակի հրամանատարը հրամայեց, դասակի հրամանատարին հարցաքննեն, ասելու է՝ գումարտակի հրամանատարը, ու այդպես մինչև ոստիկանապետ»,- նշեց նա և արձանագրեց, որ Մարտի 1-ի ոճրին միայն Քոչարյանը չի մասնակցել, համակարգն է մասնակցել. «Համակարգով հանդերձ պիտի պարզեն յուրաքանչյուրի հանցանքը, մեղադրանքն առաջադրվի։ Բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, հակված եմ կարծելու, որ եթե մարդուն բարոյական, նյութական, ֆիզիկական վնաս է պատճառվել, նրանց տուժող ճանաչեն և իրավունք տան քաղհայցով դիմելու՝ փոխհատուցում ստանալու համար»։
Ավելին, փաստաբանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով էլ փոփոխություններ կլինեն, մեղադրանքները կհամապատասխանեցվեն իր արարքներին և գործող օրենսդրությանը։ «Մեղադրանքը լրացվելու է, ավելին՝ հոդվածը, որ այս պահին առաջադրվել է, դա էլ է փոխվելու։ Նա վերին արտի ծաղիկը չէ, օրենքի տառին խիստ համապատասխան որակումը պետք է տրվի, գործն ուղարկվի դատարան»,- նշեց փաստաբանը։











































