Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է զոհաբերել իր սեռական օրգանները Հարավային Օսիան և Աբխազիան Թբիլիսիին վերադարձնելու դիմաց: Այս մասին նա հայտարարել է «Նովայա գազետա»-ին տված հարցազրույցում՝ գրում է lenta.ru-ն:
Հարցազրույցի ընթացքում հատուկ թղթակից Պավել Կանիգինը հիշեցրել է ռուս բարձրաստիճան զինվորական Վլադիմիր Շամանովի վերջին հայտարարությունը: Վերջինս մասնավորապես ասել էր, որ ցավում է՝ 2008թ. օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ ռուսական բանակը չի ձերբակալել Սահակաշվիլիին և, ինչպես լրագրողն է ասել, «չի բռնել Սահակաշվիլիի ամորձիներից»:
«Զարմանալիորեն իմ ամորձիները հստակորեն դարձել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթների մի մասը (2008 թ. նոյեմբերին ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Պուտինը, իբր, խոստացել է «կախել Սահակաշվիլիին ամորձիներից»): Թեև ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ կտրել դրանք և ուղարկել նրանց մեր տարածքների դիմաց, եթե նրանք նույնպես պատրաստ են: Եթե դա է նրանց իրական նպատակը»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:









































