Նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի էներգետիկ համակարգում նախկին իշխանությունների կայացրած որոշումներին ու կնքված գործարքներին՝ հայտարարելով, որ արհամարհվել ու անտեսվել է Հայաստանի շահը։

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի հետ։
– Պարոն Դավթյան, ինչպե՞ս կգնահատեք վարչապետի այս հայտարարություններն ու այդ համատեքստում ի՞նչ հնարավոր հետևանքներ ու փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում մեր էներգետիկ ոլորտում։
– Վարչապետի այս հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը, որովհետև 2000-ական թվականներից ի վեր նախկին իշխանությունների կողմից իրականացվում էր մի քաղաքականություն, որը ոչ միայն արհամարհում էր մեր պետական, ազգային շահը, այլ նաև այդ քաղաքականության արդյունքում զգալիորեն նվազել էր ՀՀ էներգետիկ սուվերենության աստիճանը, այսինքն՝ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մենք, ունենալով էլեկտրաէներգետիկ գեներացվող հզորությունների ավելցուկ և բավականին կայացած ենթակառուցվածքներ, հայտնվեցինք մի իրավիճակում, երբ, փաստորեն, կորցրինք սեփական որոշումներ կայացնելու ռեսուրսը։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը չբացեց փակագծերը, բայց կարծում եմ, որ բոլորիս համար էլ հասկանալի է, թե նա ինչ պայմանագրեր ու պայմանավորվածություններ նկատի ուներ։ Ես դրանք կբաժանեմ երկու մասի. առաջինը՝ դա աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների փոխանցումն էր ռուսական մի շարք խոշոր ընկերությունների: Այստեղ մասնավորապես կարող ենք դիտարկել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի փոխանցումը ռուսական «Գազպրոմ»-ին, մյուսը կարող ենք դիտարկել մեր էլեկտրաէներգետիկ համակարգի «տաշիրացման» գործընթացը, որը կազմակերպվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, ինչպես նաև կարող ենք դիտարկել հիդրոէներգետիկ ոլորտը և մասնավորապես Սևան-Հրազդան ՀԷԿ-ը, որը փոխանցվել է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը և այլն, այսինքն՝ ըստ էության, մենք դարձել էինք կախյալ ռուսական կապիտալից։
Երկրորդ խումբն ավելի փոքր նշանակության նախագծերն են, որոնք վերջին 2-3 տարիների ընթացքում են նախաձեռնվել, և դրանք ևս իրականում սպասարկում են որոշ էլիտաների կորպորատիվ շահերը: Սա մասնավորապես վերաբերում է արևային մի քանի էլեկտրակայանների շինարարությունների նախագծերին, ինչպես նաև որոշ նախագծերի՝ հիդրոէներգետիկայի ոլորտում։ Այնպես որ, վարչապետի գնահատականը միանգամայն օբյեկտիվ է։
Ինչ վերաբերում է նրան, թե վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ, ապա կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է սկսենք մեր էներգետիկ ինքնիշխանության խնդիրը բարձրաձայնել, քանի որ, ինչպես արդեն ասացի, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մենք, լինելով սուվերեն պետություն, մեր ռազմավարական ոլորտներից մեկում ինքնուրույն որոշումներ կայացնելու ռեալ ռեսուրսներ չունեինք: Սա պետք է վերանայվի, և պետք է սկսենք հենց գազատրանսպորտային համակարգից, որտեղ մի քանի մոդելներ են հնարավոր: Առաջին մոդել՝ «Գազպրոմ»-ի հետ գնալ բանակցությունների՝ այդ ընկերության բաժնետոմսերի մի մասը ՀՀ-ին վաճառելու համար։ Մենք գիտենք, որ 2013թ.-ին «Գազպրոմ Արմենիա»-ի 20%-ը, որը պատկանում էր ՀՀ-ին, վաճառվեց ռուսական «Գազպրոմ»-ին, և դա պետք է հետ բերենք, որպեսզի կարողանանք ձեռք բերել լծակներ գազատրանսպորտային համակարգում ինչ-որ գործունեություն ծավալելու և ազգային շահը սպասարկելու քաղաքականություն իրականացնելու համար. այսօրվա դրությամբ կան համապատասխան մեխանիզմներ, և այս առումով այսօր գնդակը մեր դաշտում է։
Երկրորդ մոդելն այն է, որ Հայաստանում պետք է սկսենք մեծ ուշադրություն դարձնել էներգետիկայի ոլորտում գերշահույթով աշխատող ընկերություններին. այն ընկերությունները, որոնք գերշահույթ են ստանում, պետք է հարկվեն լրացուցիչ հարկատեսակներով, ինչը թույլ կտա լրացուցիչ միջոցներ բերել բյուջե, որի հաշվին էլ հնարավորություն կլինի սուբսիդավորել երկրի ներսում գործող գազի բավականին բարձր գները, քանի որ այսօր մենք ուղղակիորեն հնարավորություն չունենք «Գազպրոմ»-ին պարտավորեցնելու վերանայել իր սակագնային քաղաքականությունը։ Մի կողմից՝ այս մոդելը, իհարկե, կարող է ընկալվել որպես մի գաղափար, որը հակասում է ազատական շուկայի մոդելին, բայց մյուս կողմից՝ ով է ասել, որ Հայաստանի պարագայում ազատական շուկան իդեալական տարբերակ է. եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, ապա, օրինակ, Ֆրանսիայում նման մոդել գործում է, այսինքն՝ ունես գերշահույթ, հետևաբար պետք է պետությանը լրացուցիչ հարկատեսակներ վճարես։
Ամփոփելով այս ամբողջը՝ կարող ենք ասել, որ վարչապետի հայտարարությունը պետք է ուղղված լինի նրան, որ, ի վերջո, կարողանանք բարձրացնել Հայաստանի էներգետիկ սուվերենությունն ու պետության դերակատարումը շուկայի կարգավորման հարցում, որն այսօր հասցված է մինիմալի։
– Իսկ այդ դեպքում հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում այս ոլորտը կարգավորող իրավապայմանագրային բազան փոփոխության ենթարկվի։
– Միանշանակ։ Մենք այսօր ունենք դրա հնարավորությունը, որովհետև Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, նոր իրողություններ, որոնց պարագայում մենք կարող ենք նման նախաձեռնություններով հանդես գալ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզում, որ մենք այսօր համեմատվենք հարևան Վրաստանի կամ Ուկրաինայի հետ, քանզի իրականում աշխարհաքաղաքական առումով շատ տարբեր իրավիճակներ են, բայց եթե խոսում ենք զուտ միայն էներգետիկ բաղադրիչի շրջանակներում, ապա այդ երկու երկրներում էլ երբ տեղի ունեցան հեղաշրջումներ, և փոխվեցին տեղի իշխանությունները, վերջիններս սկսեցին իրավական պայմանագրային բազան փոխել, և ըստ իս՝ մենք էլ այսօր ունենք այդ հնարավորությունը՝ անգամ այն դեպքում, երբ հակառակ կողմը չուզենա գնալ նման փոփոխությունների: Այս դեպքում կան միջազգային մի շարք կառույցներ, արբիտրաժային դատարաններ, նույնիսկ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը և այլն, բայց հույս ունեմ, որ հարցը դրան չի հասնի, քանի որ դա ուղղակիորեն կվնասի հայ-ռուսական հարաբերություններին, բայց կրկնեմ՝ այսօր մեզ, իհարկե, անհրաժեշտ է գոնե նման նախաձեռնությամբ հանդես գալ և ցույց տալ, որ մենք իրականում ուզում ենք ծառայել մեր պետական շահին, որը կոնկրետ էներգետիկայի ոլորտում խիստ ոտնահարված է։
– Պարոն Դավթյան, Դուք իրավական ճանապարհն արդեն մատնանշեցիք, կխնդրեմ անդրադառնալ նաև քաղաքական ռեսուրսներին, այսինքն՝ այս առումով Հայաստանը քաղաքական ի՞նչ ռեսուրսներ ունի՝ այդ նպատակի իրագործման համար։
– Շատ հաճախ Հայաստանի նկատմամբ այդ գաղութացման քաղաքականությունն իրականացվել է այն բանի հաշվին, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը կորցրել էր իր սուվերենությունը, իսկ սուվերենությունը «հաշվում են» տվյալ իշխանությունների լեգիտիմության հաշվին։
Այստեղ ես հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ երկրի ներսում պետք է բարձրացնել գործող իշխանության լեգիտիմությունը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է երկրի հեղինակությունը, երկրի ինքնիշխանության մակարդակը և թույլ է տալիս երկրին ավելի պարիտետային, բալանսավորված հիմունքներով խոսել անգամ գերտերությունների հետ, ինչը մենք նախկինում չունեինք, և կայացվում էին ապալեգիտիմ որոշումներ։
Այս առումով այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ոչ այնքան տնտեսական կամ ռազմական ուղին է որոշում քո երկրի դերակատարումը աշխարհում, այլ լինելով անգամ փոքր պետություն, բայց ունենալով լեգիտիմ իշխանություն և առողջ երկխոսություն հասարակության հետ՝ կարող ես շատ լուրջ հաջողություն ունենալ նաև արտաքին քաղաքականության ասպարեզում։ Այս իմաստով Հայաստանի ներսում անհրաժեշտ են ներքին լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, պետք է լինի կոնսենսուս իշխանության և հասարակության միջև, ինչը կլինի հենց գլխավոր քաղաքական ռեսուրսը և թույլ կտա պարիտետային հիմունքներով խոսել այլ պետությունների հետ։ Այսօր մենք կարող ենք և պետք է հենց սա շահարկենք, և հուսով եմ, որ ժամանակի ընթացքում չենք կորցնի այդ լեգիտիմությունը, իսկ դրա համար պետք է բավականին արագ շարժվել՝ առանց ժամանակ կորցնելու։








































