Առաջնագծում պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բարձրաձայնեցին, որ իրենք աշխատավարձի խնդիր ունեն, այն ցածր է, հնարավոր չէ դրանով ընտանիք պահել: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ասաց՝ ցանկալի կլիներ, որ բոլորի աշխատավարձերը բարձր լինեին, բայց պետք է հաշվի առնել նաև հնարավորությունները:
«Ես չէի ասի, որ ցածր է շարքային պայմանագրայինների աշխատավարձը: Նրանց աշխատավարձը հասնում է 160-210 հազար դրամի, և մարտական հերթապահության աստիճանից կախված՝ ավելանում է լրացուցիչ վճար»,- նշեց Մնացականյանը:
Զինծառայողների կողմից մշտապես բարձրաձայնվում է համազգեստի որակի խնդիրը. մասնավորապես, նրանց պնդմամբ՝ մի քանի անգամ լվանալուց հետո այն գունազրկվում է, դառնում, կարելի է ասել, հագնելու ոչ պիտանի: Այս հարցը ևս երեկ առաջնագծում մեզ հետ զրույցում բարձրաձայնեցին թե՛ պայմանագրային զինվորականները, թե՛ ժամկետային զինծառայողները: Այս առումով նախարարն ասաց՝ խնդիրը համատարած չէ և առաջիկայում հնարավոր է լուծում ստանա:
«Համազգեստի որակը միշտ էլ զարգացնելու, լավ որակի դարձնելու անհրաժեշտություն կա: Ինձ թվում է՝ մոտ ժամանակներս դրա լուծումը մենք կստանանք: Իսկ զինվորական կոշիկների որակը նախկինում եղել է միատեսակ, 2018-ի հունվարի մեկից բացերը վերացվել են՝ մատակարարվում են ամբողջովին կաշվից կոշիկներ, որակը բարձրացվել է»,- տեղեկացրեց բանախոսը:
Պատասխանելով հարցին, թե դիրքերից շատերում ջուր չկա, մեքենայի համար նախատեսված ճանապարհներ չկան, ինչպե՞ս են լուծվելու այդ հարցերը, նախարարը նշեց՝ այն հատվածները, որտեղ ջուր չկա, և զինվորները ստիպված են ոտքով ջուր բերել, 100-200 մետր է, կիլոմետրերի հարց չէ: «Ջրի մասով կարող եմ ասել՝ մենք այսօր աշխատում ենք այդ հարցը լուծելու համար: Կազմվել է նախահաշիվ, ներկայացվել է համապատասխան մարմիններին»,- նշեց նախարարը:
Մարտական հերթապահության 14-օրյա ռեժիմի հետ կապված էլ Լևոն Մնացականյանն ընդգծեց՝ առայժմ նպատակահարմար է այդ ռեժիմով իրականացնել հերթապահություն: «Մենք կատարել ենք հարցումներ 3000 զինվորի, պայմանագրայինի, ժամկետայինի շրջանում, ու բոլորն էլ կողմ են 14-օրյա մարտական հերթապահության ռեժիմին: Մենք պարբերաբար իրականացրել ենք նման հարցումներ: Վերջինը կատարվել է հունիս ամսվա ընթացքում: Պետք է նաև նշեմ, որ այստեղ կա և՛ դրական, և՛ բացասական կողմ, բայց լիարժեք մարտական պատրաստվածության համար 14 օրը ձեռնտու է»,- շեշտեց ՊԲ հրամանատարը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ վերջին 3 տարվա ընթացքում սահմանին 3000 թաքստոց է կառուցվել, իսկ այս տարի 15 նոր պաշտպանված կացարան է տեղադրվել:
Սոցիալական ապահովման հարցում բավական սուր է բնակարանային հարցը, որը բարձրացվում է մշտապես և, Մնացականյանի խոսքով, նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում է: «ԱՀ նախագահի կողմից 150 բնակարան հատկացվել է: Հիմա էլ շարունակվում է շինարարությունը: Հիմա կարգ է փոխվել՝ հիփոթեքային վարկավորման մեխանիզմների հետ կապված, միգուցե դա ևս հարց լուծի: 40-ից ավելի սպա ունենք, ովքեր օգտվել են հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու կամ վերանորոգելու ծրագրից»,- ասաց նախարարը:
Թալիշի վերաբերյալ էլ նախարարն ասաց, որ այնտեղ ահռելի աշխատանք է կատարվել, բնակիչների մի մասը անցել է ծառայության հենց Թալիշի ուղղությամբ:







































