ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը աճել է՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն առնչվող քննադատությանը՝ գրում է Wall Street Journal-ը:

WSJ / NBC News-ի վերջին հարցման համաձայն՝ ամերիկացիների 45 տոկոսը գոհ է նախագահի աշխատանքից, սա նախագահի աշխատանքային գործունեության սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշ է: Հարցումը անցկացվել է հուլիսի 15-ին՝ Պուտինի հետ հանդիպման և մամուլի ասուլիսի նախօրեին, որտեղ Թրամփը կասկածի տակ դրեց ԱՄՆ հետախուզական ծառայության եզրակացությունը 2016 ընտրությունների ժամանակ Ռուսաստանի «միջամտության» մասին:

Հարցվածների ավելի քան կեսը` 51%, հավանություն չեն տալիս Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխհարաբերություններին, բացի այդ, նույնքան ընտրողներ դժգոհ են սահմանների անվտանգության հարցերով Թրամփի որոշումներից: 58% -ը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ ներգաղթյալների երեխաներին ծնողներից առանձնացնելու քաղաքականությանը:









































