Ես չեմ տեսնում արժեքային փոփոխություն, մշակութային հեղափոխություն։ Ոչինչ էլ չի եղել, ինչպես կար, այդպես էլ մնացել է։ Ով բռի էր, մնացել է բռի, ով կիրթ էր, կիրթ է մնացել։ Որպեսզի ինչ-որ բան փոխվի, պետք է քաղաքականություն փոխվի, ներքևից ոչինչ չի փոխվել, միայն փոխվել է վերևը՝ քաղաքական վերնախավը։ Առաջին լրատվականի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Աղասի Թադևոսյանը։

«Որպեսզի ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեն, քաղաքական վերնախավի մոտեցումների մեջ էլ հանրային տեսանկյունից նկատելի փոփոխություններ պետք է լինեն։ Իրենք պետք է մշակութային նշաններ ստեղծեն, տարածեն, որպեսզի դրանք սկսեն ազդել մարդկանց վրա։ Բայց մենք նման ոչ մի բան չենք տեսնում ու չգիտեմ՝ կտեսնենք թե՞ ոչ։ Առայժմ հանրային ոչ մի ուղերձ նկատելի չէ։ Իմ կարծիքով՝ առայժմ իշխանություն է փոխվել, որը զբաղված է նախկին համակարգի կոռուպցիոն մեխանիզմների բացահայտմամբ, դրանից դուրս իր առջև դրված այլ խնդիրներ չունի, համենայն դեպս տեսանելի չեն դրանք հանրությանը։ Նույնը նաև մշակույթի ոլորտում է»,- ընդգծեց ազգագրագետը։
Ըստ նրա ՝ մշակութային հեղափոխություն անելու համար մարդիկ պետք է փոխվեն, մշակութային հեղափոխության դեպքում առանցքայինը դառնում է մարդակենտրոնությունը․ «Ես հիմա չեմ տեսնում, որ արժեքային փոփոխություն է տեղի ունեցել։ Ոչ մի բան էլ չի եղել։ Եթե ինչ-որ բան փոխված լիներ, օրինակ, մշակույթի նախարարությունը պետք է նոր կոնցեպցիա մշակեր, մենք դա տեսնեինք։ Բայց այս պահին ոչ մի բան չկա։ Պետք չէ չափազանցնել ու մտածել, եթե իշխանությունը փոխվել է, մարդիկ մասնակցել են, լայն իմաստով մշակույթի փոփոխություն է եղել։ Այդ առումով բան չի փոխվել»։
![]()
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ պետք է դադարել մշակույթն ընդունել որպես ժամանց, այլ հասկանալ, որ դա երկրի ու հասարակության քաղաքակիրթ կայացման կարևորագույն գործոններից մեկն է։
«Քաղաքակիրթ հասարակության պահանջը մենք ունենք մեր պետության բոլոր ոլորտներում։ Եթե մենք ուզում ենք իսկապես զարգացած, առաջադեմ երկիր դառնանք, հանուն ինչի էլ արվում էր հեղափոխությունը, անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն, որը ավելի շատ վերաբերում է ներքին գիտակցության հեղափոխությանը։ Մշակութային հեղափոխությունն, ի տարբերություն քաղաքական հեղափոխության, ավելի շատ ներթին պրոցես է։ Հին մտածողությունով հնարավոր չէ կառուցել նոր երկիր»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Մշակութային հեղափոխության հասնելու ուղիները, ըստ արվեստագետի, նաև օրենսդրական փոփոխություների բարելավումն է, որի մեջ հաշվի կառնվի մշակույթի առանձնահատկությունները։ Նրա համոզմամբ՝ սա երկար ճանապարհ է, ոչ մեկ ամսում, ոչ երեք ամսում հնարավոր չէ իրագործել, բայց հնարավոր է ուրվագծել տիրունական գծերն ու մշակել դոկտրինը։
Արվեստագետը դժվարանում է ասել՝ մշակութային ոլորտում փոփոխություն կա՞ թե՞ ոչ։ «Սա վերևից հրահանգով չի արվում։ Ես կարծում եմ՝ պետք է սկսել մանկապարտեզից։ Մշակույթ բառն իր մեջ շատ լավ արմատ է պարունակում՝ մշակել։ Եթե մենք սկսենք դպրոցից, որտեղ մշակութային կրթությունը կլինի բաղկացուցիչ մաս, ոչ թե ժամանց, մենք արդեն կդնենք ծիլերը։ Եթե մարդու մեջ մշակույթի պահանջը չլինի, դու նինչքան ուզում է լավ մշակույթ ներկայացնես, պահանջարկ չի ունենա։ Մշակույթն անմիջական կապ ունի հասարակության հետ։ Հնարավոր չէ շարունակել հայհոյել, խախտել օրենքները, թքել բնության վրա և հույս ունենալ, որ մենք մի օր կդառնանք քաղաքակիրթ երկիր։ Այս ամեն ինչը գալիս է արժեքային համակարգից, թե մենք որպես արժեք ի՞նչ ենք ընդունում։ Եթե մարդուն ենք ընդունում, ապա դրա ամենաճիշտ ճանապարհը մշակույթն է»,- իր խոսքն ամփոփեց տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։









































