Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ավելի նպատակահարմար կլինի, եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններն ու Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվեն նույն օրը։
«Այդ պարագայում և քաղաքական, և ֆինանսական, և կազմակերպչական շատ ավելի քիչ ռեսուրս է ծախսվում, քան այդ երկու ընտրությունները տարբեր ժամանակահատվածներում անցկացնելը։

Ինչ վերաբերում է մինչ այդ ժամանակը Երևանի քաղաքապետ ունենալ-չունենալուն, ապա կարծում եմ, որ Երևանի ավագանու ընդդիմությունն ու ՀՀԿ-ն կարող են փորձել պայմանավորվել ընտրել օրինակ «տեխնիկական» քաղաքապետ, այսինքն մի քանի ամիս լինի մի այնպիսի մարդ Երևանի քաղաքապետը, որը քիչ թե շատ ընդունելի անձնավորություն է և որը թույլ չի տա, որպեսզի Երևանի կառավարումն անկում ապրի մինչև այդ ընտրությունները, իսկ ընտրությունների անցկացման ամենաօպտիմալ ժամկետն՝ ըստ իս, այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն են և հենց այդ ժամանակ էլ կարելի է համաձայն նախնական պայմանավորվածության լուծարել ներկայիս ավագանին և խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը անցկացնել նաև ավագանու ընտրությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը և այս համատեքստում հավելեց նաև, որ իր առաջարկն աննախադեպ բան չէ, այդպիսի պրակտիկա աշխարհի տարբեր երկրներում եղել է և շատ արդյունավետ տարբերակ է։
Ինչպես նշեց Վիգեն Հակոբյանը, եթե հիմա ՀՀԿ-ն որոշի առաջադրել իր թեկնածուին և նրան դարձնի Երևանի քաղաքապետ, ապա դա զգալիորեն կսրի իրավիճակը, եթե , իհարկե, դա լինի ոչ թե պայմանավորվածության արդյունքում, այլ կոնֆրոնտացիոն սցենար։
«Այսինքն, եթե ՀՀԿ-ն առանց պայմանավորվածության գնա այդպիսի քայլի, ապա նրանց այդ քաղաքապետը ևս կհայտնվի այն իրավիճակում, ինչ Տարոն Մարգարյանը, իսկ այդ ճանապարհն ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,-մանրամասնեց նա։
Նկատենք, որ այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու առաջադրվել է միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀՀԿ-ն ու «Ելք» խմբակցությունները թեկնածու դեռևս չեն առաջադրել։
Հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետ ընտրվելու Զարուհի Փոստանջյանի շանսերը Վիգեն Հակոբյանը շատ ցածր գնահատեց՝ նշելով, որ տիկին Փոստանջյանի թեկնածությունը երկկողմ անընդունելի է՝ թե ՀՀԿ-ի, թե «Ելք» դաշինքի համար։
«Կարծում ոմ, որ վերջին ամիսներին մենք բոլորս էլ տեսել ենք, որ բավականին լարված են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հարաբերություններն ավագանու մյուս անդամների հետ և հուլիսի 16-ի ընտրությունն այն դեպքը չի, երբ նրանք կարող են ընդհանուր կոմպրոմիսի գալ և այս իմաստով քիչ հավանական եմ համարում Զարուհի Փոստանջյանի քաղաքապետ դառնալը»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։
Վերջինիս խոսքերով՝ ինչ վերաբերում է քաղաքային իշխանությունը ղեկավարելու մյուս քաղաքական ուժերի հավակնություններին, ապա նրանք հայտ են ներկայացնում ավագանու ապագա ընտրությունների հետ կապված, որը շատ նորմալ է դիտարկվում։
«Դա արդեն լրիվ ուրիշ խաղի կանոններ են, որովհետև այդ ժամանակ ոչ միայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն քաղաքապետի թեկնածու կառաջադրեն, այլ նաև մյուս քաղաքական ուժերն՝ այդ թվում նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք կփորձեն նոր իրողությունների ժամանակ, նոր քաղաքական իրավիճակում մասնակցել ընտրություններին և փորձել իրենց ուժերը, քանի որ դա իրենց համար կլինի շատ լուրջ փորձաքար։
Ի վերջո, արտախորհրդարանական շատ ուժեր իրենց անհաջողությունները պայմանավորվում էին ընտրակաշառքով ու վարչական ռեսուրսների չարաշահմամբ, որ դրա պատճառով չկարողացան անցնել, բայց հիմա նրանք միանգամայն արդար և թափանցիկ պայմաններում, նոր իրավիճակում փորձել իրենց բախտը, առավել ևս, որ ներկայիս իշխանություններն էլ հայտարարում են, որ ընտրություններին այդ հայտնի սցենարները չեն գործելու և հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր քաղաքական ուժերի համար, սակայն, այսուհանդերձ, ես կարծում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ դաշինքում չեն գտնվում՝ պրոբլեմատիկ է լինելու գրավել անգամ քաղաքային իշխանության ղեկավարի դիրքերը, այսինքն կասկածելի է նրանց շանսերը»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը։








































