Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը որոշակի մանրամասներ է հաղորդել հանդիպումից, որի ժամանակ շեշտը դրվել է Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների ավելացման հարցերի վրա: Միլզը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում ակտիվ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, ինչն ինքնին խթան է ներդրումների ավելացման համար: Միլզը կարևորել է նաև արտահերթ խորհրդարանական որակյալ ընտրությունների անցկացումը:
Վաշինգտոնը, բնականաբար, ուշադիր հետևում է այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում և Պոմպեո-Սարգսյան հանդիպումը լավ ազդակ է գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Առիթ ունեցել ենք արձանագրել, որ հայ – ամերիկյան հարաբերություններն անցած տարիներին զուրկ են եղել կոնկրետ օրակարգից և հիմա նոր իշխանության խնդիրն է` արձանագրել այն առաջնահերթություններն, որոնք իրապես կնպաստեն Երևանի և Վաշինգտոնի միջև համագործակցության խորացմանը: Օրինակ` հայ-ամերիկյան հարաբերություններն էապես կարող են նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը. պատահական չէ, որ Պոմպեո-Սարգսյան հանդիպման օրակարգում մեծ կարևորություն է տրվել ներդրումների խնդրին:
Չբացառենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի նախագահի երեկվա հանդիպումը միտված է եղել ավելի բարձր մակարդակի հանդիպման կազմակերպմանը, մանավանդ` անհրաժեշտություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարը հյուրընկալվի Սպիտակ տանը: Թավշյա հեղափոխությունից հետո շեշտակի բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և կարծում ենք` Վաշինգտոնը շահագրգիռ է բարձր մակարդակով խորացնել քաղաքական հարաբերությունները Հայաստանի նոր կառավարության հետ:
Ինքնին հասկանալի է, որ Պոմպեո-Սարգսյան հանդիպումը որոշակի գայթակղություն է առաջացրել` այդ փաստը դիտարկել ներիշխանական մրցակցության, անգամ հակասությունների համատեքստում: Կարծում ենք` ադեկվատ չէ արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի մատուցումն այս հարթության վրա, մանավանդ, որ դրա հիմքերը, կարծես թե, բացակայում են:
Նախագահական իշխանությունը սահմանադրական փոփոխություններից հետո օբյեկտիվորեն հայտնվել է խորհրդանշական, ավելի շատ` արարողակարգային կարգավիճակում: Արմեն Սարգսյանն իր ներքին, այսպես կոչված, «անօգնական» վիճակը փորձում է հաղթահարել արտաքին աշխարհում ունեցած կապերով: Սարգսյանը լուծում է արտերկրում իր նախագահության ճանաչման, լեգիտիմության հարցը և, ըստ ամենայնի, այդ խնդիրը լուծելի է` դատելով արտերկրում Արմեն Սարգսյանի ունեցած հանդիպումներից:
Երբ Հայաստանի իշխանության բոլոր կենտրոնները ուժեղ են, այդ հանգամանքը ոչ միայն չի վտանգում դրա միասնականությունը, այլ ավելի է մեծացնում երկրի միջազգային հեղինակությունը:









































