Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2017-ի տարեկան զեկույցը: «Լիարժեք չի գործում լրագրողների գործունեության խոչընդոտման համար պատասխանատվության ինստիտուտը, լրագրողները լիարժեք պաշտպանված չեն», – ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարան է դիմել Հարկային օրենսգրքի հետ կապված, ըստ նրա, քողարկված տեսքով, բացի օրենքով նախատեսված դեպքերը, այլ հարկատեսակներ են կիրառվում: Որպես խնդիր, օմբուդսմենը նշեց, որ մեզ մոտ 37,4 տոկոսով գերազանցված է կալանավորների ու դատապարտյալների ցուցանիշը. «Անձը, երբ կալանավորվում է, մարդը հնարավորություն չունի քննիչի արգելքից հետո տեսակցել իր մերձավոր հարազատներին, ավելին՝ ընտանիքի անդամին: Մարդը կարող է 2-3 տարի իր ընտանիքի անդամին չտեսնել, սա անթույլատրելի է: Լրացուցիչ զրկանքի հետ գործ ունենք: Սրանք պատճառ են դառնում ինքնավնասումների, ինքնասպանությունների համար: Մենք նույնիսկ դեպք ունենք, փաստաբանը պատմում է, որ դատապարտյալը խնդրել էր, որ իր փաստաբանը գա և պատմի իրեն իր ընտանիքի անդամների մասին: Այս ակտը պետք է կիրառվի դատարանի կողմից, և առնվազն դատախազի միջնորդությամբ, քննիչը չպետք է կապվի այս որոշման հետ: Եթե նախաքննություն է գնում, չի նշանակում, որ մարդը ավտոմատ պետք է զրկվի ընտանիքի անդամին տեսակցելուց»:











































