«Ես միշտ արդարություն և ժոցովրդավարություն եմ ուզել, և երբ տեսել եմ, որ արդարությունը ոտնահարվում է, երբ ժողորդավարություն չկա, և փորձել եմ աշխատել ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Բացի դրանից, ես միշտ ցանկացել եմ զբաղվել քաղաքականությամբ և պայքարին մասնակցելը իմ ցանկության տրամաբանական շարունակություն էր կամ իմ ցանկությունների իրագործման ճանապարհը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ պարտությունը ցանկալի չէ, բայց դրանում կատաստրոֆա չկա. «Մինչև թավշյա հեղափոխությունը քաղաքականապես ես միշտ պարտվել եմ: Եվ ոչ միայն ես: Մի ամբողջ սերունդ 20 տարի անընդհատ պարտվել է: Ես կարծում եմ, որ այս հաղթանակը պարտություններից սովորածի արդյունք էր»:
Լեհաստանում և Մեծ Բրիտանիայում կրթություն ստացած Ռուբինյանի խոսքով՝ արտերկրում սովորելը բոլոր ոլորտներում թույլ է տալիս ավելի լայնորեն դիտարկել հարցերը. «Արտասահմանում սովորելու ընթացքում իմ ամենակարևոր ձեռքբերումն այն է եղել, որ ես նոր հայացքով եմ սկսել նայել Հայաստանին և հասկացել, որ ուզում եմ միշտ ապրել Հայաստանում: Ես հայ եմ, և սա է իմ տունը»:
«Երբ ես լսում էի նախկին իշխանությունների օդիոզ դեմքերի հայտարարությունները, իմ արժանապատվությունը խոցվում էր: Մտածում էի՝ ինչո՞ւ պիտի ապրեմ իրենց կայացրած որոշումների ներքո»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, հաստատել օրենքի իշխանություն, ստեղծել պայմաններ, որ Հայաստանում այլևս ոչ մի իշխանություն չկարողանա բռնանալ ժողովրդի կամքի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում:









































