«Մեր դիրքերը չենք զիջել, գործողություններ կան, որ ընթացքի մեջ են, ՊԵԿ-ն իր դերակատարումը հստակ պատկերացնում է: Մենք մամուլի միջոցով հանրությանը հայտնում ենք այն տեղեկատվության մասին, որը, մեր կարծիքով, հետաքրքրություն կառաջացնի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ուժային կառույցները ևս որոշակի դերակատարում ունեն տնտեսական հանցագործությունների բացահայտման գործում, բայց դա չի ստվերում ՊԵԿ-ի գործողությունները:
Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգի փոխհամագործակցություն է իրականացվում, որը կարող է հանրության համար տեսանելի չլինել:
«ՊԵԿ-ն ունի ծրագրավաորված ստուգումների պլան, բացի դրանից կա նաև արտապլանային ստուգումների համալիր՝ օպերատիվ տեղեկատվության հիման վրա, իրավապահ, քննչական մարմինների կողմից ներկայացրած ստուգումներ»,- նշեց ՊԵԿ նախագահը:
«Մենք առաջնային ենք համարում պետական բյուջեի եկամուտները ոչ թե մուտքերը»,- նշեց Դ. Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև ընդգծեց, որ բոլոր ընկերություններում հանրագումարային ստուգումներ են իրականացվում. «Իսկ «Ալեքս» հոլդինգում ՊԵԿ-ը, բացի այդ դրվագներով ստուգումներից, նաև ուսումնասիրում է տարբեր այլ դրվագներ. հաջորդ ամսվա սկզբում կունենանք ստուգման ակտ և վերականգնված գումար»:
Դ. Անանյանը նշեց, որ ոլորտային ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունենում և պայմանավորվածություններ են ձեռք բերվում գործել բացառապես օրենսդրության շրջանակներում և փաստաթղթավորել գործարքները, չթաքցնել հարկերը:
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերությունները ուշադրության կենտրոնում են:
Մանրամասն՝ տեսանյութում:








































