Այսօր ֆուտբոլասերները 90 րոպե շարունակ հետևում էին Բրազիլիա-Կոստա-Ռիկա հանդիպմանը` հոգեբանորեն պատրաստվելով նոր անակնկալի: Համենայն դեպս, խաղի հիմնական ժամանակի ավարտին լուսատախտակի վրա վառվում էին զրոներ: Բրազիլիայի հավաքականը հաղթանակ կորզեց միայն ավելացված ժամանակում` Ֆիլիպ Կոուտինյոյի և Նեյմարի խփած գնդակների շնորհիվ: Բրազիլիայի հավաքականը հրաշալի հնարավորություն ստացավ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:
Իսկ ահա առաջնության ձախողակներից մեկի` Արգենտինայի հավաքականի հետ կապված զարգացումները նոր ընթացք են ստացել:
Արգենտինա-Խորվաթիա խաղից հետո իսկական սկանդալ է տեղի ունեցել հարավամերիկյան ընտրանու հանդերձարանում: Ֆուտբոլիստները պահանջել են, որպեսզի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղից առաջ փոխվի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Արգենտինական մարզական պարբերականները հայտնում են, թե հավաքականի ֆուտբոլիստները չեն ցանկանում, որպեսզի հունիսի 26-ին Նիգերիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման ժամանակ Խորխե Սամպաոլին գլխավորի արգենտինացիներին: Այս խնդրանք-պահանջով Արգենտինայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն արդեն դիմել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին:
Չնայած այն հանգամանքին, որ Արգենտինայի հավաքականը խիստ անհաջող է մեկնարկել Մունդիալ-2018-ում, D խմբում մրցաշարային աղյուսակն այնպես է դասավորվել, որ եթե Մեսսիի թիմը վերջին տուրում հաղթի Նիգերիայի ընտրանուն և Իսլանդիան միավորներ կորցնի Խորվաթիայի հետ խաղում, ապա Արգենտինայի հավաքականը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:
Սա միանգամայն հնարավոր սցենար է, սակայն Արգենտինայի հավաքականը պետք է սթափվի ու պատասխանատու խաղից առաջ դադարի իր շարքերում մեղավորներ փնտրել: Այսօր ֆուտբոլասերների մի մասը Մեսսիին մեղադրում է անգամ ազգային հավաքականում դավադրություն կազմակերպելու մեջ, մյուսները թիրախավորում են գլխավոր մարզչին:
Արգենտինայի հավաքականը նմանվել է խորտակվող նավի, որից փորձում են փախչել բոլորը:
Նման իրավիճակում դժվար է այս հավաքականից լավ խաղ, էլ չենք ասում` հրաշք սպասել:
Արգենտինայի որոշ հեռուստաընկերություններ այսօր իրենց եթերներում «Լռության րոպե» են հայտարարել` թերևս փորձելով սթափեցնել հավաքականի խաղացողներին ու մարզչական շտաբին:
Հունիսի 26-ին Արգենտինա-Նիգերիա հանդիպումն է, որն, առանց չափազանցության, կարող է շրջադարձային դառնալ Արգենտինայի հավաքականի այս կազմի ու Լիոնել Մեսսիի համար:






































