Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Քննարկումների արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Էջմիածնի դեպքերը նախադեպ դարձան, որպեսզի իշխանությունները գտնեն լոկալ ճգնաժամերը հաղթահարելու ավելի արդյունավետ մեխանիզմներ: Արմավիրում բանը նույնիսկ չհասավ զանգվածային ցույցերին ու հուզումներին. այս դեպքում` տարածքային կառավարման մարմիններն օպերատիվ արձագանքեցին և խնդիրը լուծվեց` առանց ճգնաժամ հարուցելու:
Նիկոլ Փաշինյանի կառավարության համար առաջնահերթը` խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է. լոկալ մակարդակում խնդիրները հնարավոր է լուծել միայն դրանից հետո:
Ակնհայտ է, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտը տարիներ շարունակ եղել է քրեաօլիգարխիկ համակարգի կցորդ, միջոց, որով խրախուսվել են տեղական նշանակության կլաններ` համապետական ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի և ՀՀԿ-ի համար անհրաժեշտ «տոկոս խփելու» համար:
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո վստահության տոտալ ճգնաժամ է առաջացել տեղական իշխանիկների հանդեպ: Քաղաքներում և գյուղերում մարդիկ ցանկանում են օր առաջ ազատվել այն համայնքապետերից, որոնք տարիներ շարունակ թալանել ու նվաստացրել են մարդկանց:
Որոշ դեպքերում համայնքապետերը տեղի են տալիս հանրային ճնշմանը և հեռանում են, մյուս դեպքերում անհրաժեշտ է գտնել ինստիտուցիոնալ լուծումներ. դրա համար ժամանակ և ռեսուրսներ են պետք: Կառավարությունը հստակ պետք է ուղերձ հասցեագրի մեր հասարակությանը, որ լոկալ խնդիրները լուծում են ստանալու արտահերթ ընտրություններից հետո:
Խնդիրն ունի նաև այլ կողմ: Նոր կառավարությունը պետք է կարողանա լցնել այն վակուումն, որ առաջացել է Էջմիածնում և Արմավիրում քաղաքապետերի հրաժարականներից հետո: Տարիներ շարունակ այս համայնքներում մարդիկ չեն ունեցել ազատ ընտրության հնարավորություն, չի եղել քաղաքական մրցակցություն և հիմա մեծ է ռիսկը, որ տեղական որոշ կլաններ փորձելու են վերահսկողություն սահմանել այս քաղաքների հանդեպ: Օրինակ` բացարձակապես հասկանալի չէ, Արմավիրի քաղաքապետի հիմնական հավակնորդներից մեկի հայտարարությունը, թե ինքը քաղաքապետ կդառնա, երբ ուզենա: Նման հայտարարությունները բացարձակապես հարիր չեն դեմոկրատական երկրների քաղաքական մշակույթին, թավշյա հեղափոխության համատեքստին: Քաղաքապետերի հրաժարականը պետք է ազդակ առաջանա ոչ թե նոր կլանների իշխանության հաստատման, այլ` տեղերում հասարակությունների սուբեկտության մեծացման համար: Միայն այդ ճանապարհով է հնարավոր տեղերում կապիտալիացնել հեղափոխության արդյունքները:











































