Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի միջև դեռևս երկու տարի առաջ կնքվել է համաձայնագիր, որի շրջանակներում համալսարանի մինչբուհական շարունակական կրթության կենտրոնում հիմնվել է Microsoft ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասաց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում շատ կարևոր է ՏՏ ոլորտի մասնագիտությունների արդիականացումը, ուստի այս հուշագիրը նախատեսում է լուրջ ծրագրեր, որի շնորհիվ կունենանք ոլորտի բարձր որակավորման մասնագետներ:
«Հայաստանյան IT ոլորտը մեծ զարգացում է ապրում վերջին տարիներին, և ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է: Մեր համագործակցության հիմնական նպատակն է կրթական հաստատության ու ոլորտի համագործակցությունը, իսկ մեկ տարվա ընթացքում բավականին նվաճումներ ունենք, բոլոր ներառված կողմերը շահել են»,- ասաց նա:
Կենտրոնում, բացի ուսանողների ուսուցումից, արդեն իսկ անցկացվել են վեցամսյա դասընթացներ տասնվեց բուհերի դասախոսների համար: Այստեղ կարող են իրենց գիտելիքները կատարելագործել ոչ միայն ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Այս համագործակցության արդյունքում բուհի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում առավել մատչելի ստանալ ՏՏ ոլորտի մասնագիտացում:
ՀՊՃՀ մինչբուհական շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանն էլ հավելեց, որ կենտրոնում այժմ սովորում է 142 ուսանող, 16 շրջանավարտ արդեն անցել է աշխատանքի, իսկ ընդհանուր առմամբ կենտրոնում կրթություն է ստացել 418 ուսանող:











































