«Դատական իշխանության ներկայիս գործունեությունը «բեսպրեդելի» է նման: Այդ բառը առավել լավ է բնութագրում առկա վիճակը»,- լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց փաստաբան Գևորգ Դավթյանը: Նա անդրադարձավ նաև ՄԻՊ-ի վերջին զեկույցին՝ նշելով, որ այն իսկապես բարձրաձայնում է աղաղակող խախտումների մասին, որոնք փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են իրենց կազմակերպած երկու գործադուլների ժամանակ:
Դավթյանի խոսքով՝ բոլորը կենտրոնացել են ՄԻՊ զեկույցի մի քանի տողի վրա, որտեղ բարձրաձայնվում է կոռուպցիայի սակագների մասին, բայց անտեսել են հիմնական փաստերով ներկայացված Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ առկա աղաղակող խախտումների մասին:
Դավթյանը, խոսելով կոնկրետ գործի մասին, նշեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել մի բողոք, որտեղ բացակայել են օրենքով պարտադիր պայման հանդիսացող՝ բողոքը վարույթ ընդունելու մասին հիմնավորումները: Սկզբում ինքը և իր գործընկերները մտածել են, որ գուցե Վճռաբեկը փորձում է այդ գործով ինչ-որ նախադեպ ստեղծել, բայց վերջնական ելքի ժամանակ հասկացել են, որ ոչ մի նախադեպ էլ չկա: Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ հաստատված է համարել մի փաստ (առուվաճառքի պայմանագիր), որն իրականում գոյություն չի ունեցել, և դրա հիման վրա որոշում է կայացրել: Այն դեպքում, երբ ստորադաս դատարանում հաստատվել է, որ այդ փաստաթղթի բնօրինակը չկա:
«Ամեն անգամ ինձ թվում է, թե Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներով արտահայտված խախտումները վերջն են, դրանից ավել էլ ի՞նչ կարող են անել: Բայց արի ու տես, որ Վճռաբեկը կարող է ավելին: Ինչպես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ՝ սա իրավական «բեսպրեդել» է, որը խաթարում է արդարադատությունը և էլ ավելի խորացնում անվստահությունը դատական իշխանության հանդեպ»,- նշեց փաստաբանը:








































