Ամերիկացի գրող Նաոմի Վուլֆը, ով զրուցել է պոռնոգրաֆիայից կախում ունեցողների հետ, բացատրել է, թե ինչու է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի և լուսանկարների դիտումը խաթարում սեռական կյանքը:
Վուլֆի խոսքերով՝ պոռնոգրաֆիայից կախվածության մեջ կարող են հայտնվել տարբեր տարիքի և սոցիալական դիրքի մարդիկ:
Daily Mail տաբլոիդի թղթակցի հետ զրույցի ժամանակ նա բերել է National Survey of Sexual Attitudes-ի տվյալները՝ համաձայն որոնց 16-74 տարեկան 15 000 մարդիկ սեքսին ավելի քիչ ժամանակ են սկսել հատկացնել: Նա ցավով նշել է, որ մեր ժամանակներում սեքսի ընթացքում սադիստական արարքները սկսում են նորմալ ընդունվել: Դա նշանակում է, որ պոռնոգրաֆիան սկսում է ազդել մարդկանց մեծամասնության վրա:
Այնուհետև Վուլֆը վկայակոչել է նյարդաբանների եզրակացությունները, համաձայն որոնց՝ պոռնոյի դիտումը խթանում է մեծ քանակությամբ դոֆամինի արտազատումը, որն էլ հաճույքի զգացողություն է առաջացնում: Սակայն ամեն անգամ սովորական պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելիս հաճույք ստանալը սկսում է բարդանալ, այդ պատճառով էլ այդ ֆիլմերից կախում ունեցողները ձգտում են բռնության և այլ տեսարաններով հագեցած ֆիլմեր դիտել:
Դրանից բացի, այն օրգազմ զգալու հետ կապված խնդիրներ է առաջացնում: Առաջանում են այնպիսի շեղումներ, ինչպիսին է իմպոտենցիան:
Վերջիվերջո պոռնոգրաֆիայով տարված մարդիկ իրենց զուգընկերներին ավելի քիչ գրավիչ և գրգռող են համարում: Դա բնական է, քանի որ ոչ մի կին հնարավորություն չունի ամեն անգամ տղամարդուն թարմություն մատուցել, որը նա կարող է ստանալ մատի մեկ հպումով:
Այս փոփոխությունները ձեռնտու են պոռնոարտադրողներին, ովքեր ձգտում են պահպանել իրենց արտադրանքի թմրեցնող հատկանիշները: Իրավիճակը նման է անցած դարի 60-ականներին, երբ ամենուրեք գովազդվում էր ծխախոտը, սակայն ոչ ոք չէր զգուշացնում դրա վնասակարության մասին, ասում է Վուլֆը:










































