Ճապոնիայում ստեղծված «Տորոբո-կուն» ռոբոտը բուհի ընդունելության ստանդարտ քննություններ է հանձնել, որը թույլ կտա նրան սովորել երկրի մասնավոր համալսարաններից 70 տոկոսում, այսինքն՝ 579 համալսարաններից 403-ում:
Քննության ժամանակ գիտնականները որոշել են ստուգել լեզուների ճանաչման և թեստերը կարդալու ռոբոտի ունակությունները: Արդյունքում ռոբոտը ցածր գնահատականներ է ստացել անգլերենից ու ճապոներենից, քանի որ տեքստերը հասկանալու համար խորը գիտելիքներ են պետք՝ հայտնում է Interfax-ը:
Ռոբոտը, սակայն, բարձր գնահատականներ է ստացել Ճապոնիայի պատմությունից, համաշխարհային պատմությունից և մաթեմատիկայից:
Այն ստեղծվել է Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի ինժեներների կողմից՝ մի շարք ձեռնարկությունների հետ համագործակցությամբ: Ռոբոտը կարողանում է բարդ տրամաբանական խնդիրներ լուծել:
Գիտնականները ձգտում են, որ 2021 թվականին ռոբոտը երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկի՝ Տոկիոյի համալսարանի ընդունելության քննություն հանձնի:












































