Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Երևանում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ և ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից և միջազգային կազմակերպություններից:
Հանդիպման օրակարգում են Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:
Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջև համագործակցության խթանման, տնտեսության բնագավառում տարածաշրջանային և միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել շուրջ 70 միջոցառումներ` նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ և աշխատանքային խմբերի նիստեր:
Նախարար Նալբանդյանը նշել նաև, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:
ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ էին և արդյունավետ:
Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի և ՍԾՏՀ գլխավոր քարտուղար համատեղ մամուլի ասուլիսը:










































