Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արման Թադևոսյանի գործի դատավարությունը:
26-ամյա Արման Թադևոսյանը մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջկա հետ ամուսնանալու, նրա հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու և նույն այդ անչափահաս կնոջը բռնության ու ծեծի ենթարկելու համար:
Արման Թադևոսյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա հայտնել է, որ 2010 թվականից ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի:
2011 թվականի մայիսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է վանաձորցի մի աղջկա հետ: Շփվել են: Հավանել են իրար ու պայմանավորվել, որ երբ ինքը Հայաստան վերադառնա, կհանդիպեն:
Աղջիկը կայքէջում ներկայացած է եղել որպես 23 տարեկան: Նույնն էլ ասել է իրեն:
Ինքն իմացել է, որ աղջկա ծնողներն ամուսնալուծված են, մայրն ապրում է Վանաձորում, հայրը՝ Ապարանում:
2011 թվականի հոկտեմբերին ինքը վերադարձել է Հայաստան, մեկնել Վանաձոր, ծանոթացել աղջկա ու նրա մոր հետ:
Հանդիպումների ժամանակ աղջիկն ու ինքը հասկացել են, որ սիրում են իրար, որոշել են ամուսնանալ:
Ինքն աղջկա ձեռքը խնդրել է նրա մորից էլ, հորից էլ, ինչի համար հատուկ գնացել է Ապարան:
2011 թվականի հոկտեմբերի 13-ին Ապարանում տեղի է ունեցել իր և աղջկա նշանադրությունը: Միայն այդ ժամանակ է աղջկա հայրը սեղանի շուրջ ասել, որ աղջիկն ընդամենը 15 տարեկան է: Մինչև այդ օրը ինքը կարծել է, թե նա 23 տարեկան է:
Աղջկա ծնողները համաձայն են եղել, որ իրենց աղջիկն այդ տարիքում ամուսնանա: Եվ ինքը նրան, որպես իր օրինական կնոջ, տարել է հորեղբոր տուն:
2011 թվականի դեկտեմբերին ինքն ու կինը մեկնել են Մոսկվա: Ապրել են փաստական ամուսնական կյանքով: Կինը 2012 թվականի փետրվարի 11-ին է դարձել 16 տարեկան:
2012 թվականի հուլիսին ծնվել է իրենց որդին:
Ամուսնական կյանքի ընթացքում պատահել է, որ վիճաբանել են, բայց ինքը ոչ մի անգամ ձեռք չի բարձրացրել կնոջ վրա, երբեք նրան չի ծեծել:
Տուժող ճանաչված անչափահաս կինն ընդունել է, որ սկզբում Արմանին ներկայացել է որպես 23 տարեկան աղջիկ, բայց հետո ճիշտն է ասել: Իրենք ամուսնացել են միմյանց սիրելով:
Մոսկվայում ամուսնական կյանքով ապրելով՝ հաճախակի վիճել են կենցաղային հարցերի շուրջ: Պատճառները տարբեր են եղել՝ խանդը, այլ տղաների ուշադրությունը գրավելը և այլն: Արմանն իրեն ծեծել է:
Ըստ տուժողի՝ ամուսինը «սեռական ակնարկներ է արել, ու քանի որ ինքը դրանք չի կատարել, ամուսինն իրեն անկյուն է կանգնեցրել, իսկ եթե ինքը քնել է, նա իրեն հարվածներ է հասցրել»:
Ծեծի ու բռնությունների մասին ինքը չի կարողացել հայտնել իր հարազատներին, որովհետև իրեն հսկել են՝ տանը տեղադրված տեսախցիկների միջոցով:
Միայն մի անգամ է կարողացել խոսել Իսրայելում գտնվող քրոջ հետ, նա էլ դիմել է ոստիկանություն:
Երբ ոստիկանները եկել են, Արմանն ու նրա հարազատները խնդրել ու համոզել են, որ բողոք չներկայացնի:
Արմանի վերաբերմունքի մասին ինքն ասել է սկեսրոջը, բայց նա ոչինչ չի արել իրեն օգնելու համար: Արմանի հետ խոսել է իր քեռին, դարձյալ՝ անարդյունք:
Չհանդուրժելով բռնությունները՝ ինքը 2013 թվականի օգոստոսին Արմանին հայտնել է, որ ամուսնալուծվում է, վերցրել է որդուն և վերադարձել Հայաստան:
Դատարանը հիմնավորված է համարել Արման Թադևոսյանին առաջադրված մեղադրանքները, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի երկու՝ 141 ու 118 հոդվածներով և վերջին հաշվով դատապարտել 200 հազար դրամ տուգանքի:









































