ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստում ձայների 70 կողմ, 40 դեմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վարման կարգով ելույթի իրավունք ստանալով, նշեց, որ երեկ հնարավորություն չունեցավ խոսելու: «Ես ուզում եմ ասել՝ ինձ համար շատ կարևոր առաջարկություններ կառավարությունում ընդունվել են: Այս պահին այսքանն էր երևի հնարավոր, կարծում եմ՝ կշարունակենք նաև մնացած մասով: Բյուջեի նախագծին ես կողմ եմ քվեարկելու»,- ասաց նա:
Վարման կարգով ելույթի հնարավորություն ստացավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ պետական բյուջեի նախագծին դեմ քվեարկելու իր որոշումն ավելի ամրապնդվեց կառավարության ղեկավարի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը լսելուց հետո: «Վարչապետը խոսեց Հայաստանում հաստատված ծանր սոցիալական իրավիճակի մասին և կես խոսք անգամ չասաց այն մասին, որ գործող կառավարությունը չի կատարել նախկինում ստանձնած իր մի շարք պարտավորություններ: Ուզում եմ հիշեցնել՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս աճ, պիտի հրաժարական տա»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ բյուջեի նախագծում այդ աճը 5.8 տոկոս է:









































