«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Աշխարհը՝ կղզի: Եվրասիական աշխարհաքաղաքականությունն ու Արևմուտքի ճակատագիրը» գրքի հեղինակ, chinaincentralasia.com կայքի համախմբագիր և ամերիկացի քաղաքական փորձագետ Ալեքսանդրոս Պետերսենը:
– Պարոն Պետերսեն, թուրքական խորհրդարանում շաբաթներ առաջ ակտիվացան հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկումները: Հայ-թուրքական հաղորդակցության վերականգնման հարցին անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ավելին` նախարարը դեկտեմբերի 12-ին պետք է ժամանի Հայաստան՝ վերջինիս հրավերով: Ինչո՞ւ այս հարցը մտավ թուրքական դիվանագիտության օրակարգ հիմա, երբ թվում էր` այն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ և առաջիկայում չի էլ լինելու, և` երբ Հայաստանը որոշում կայացրեց միանալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող ինտեգրացիոն գործընթացներին:
– Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումն առանց նույնիսկ Մոսկվայի կողմից ճնշումների միջազգային հանրությանն ու ԱՄՆ քաղաքական որոշում կայացնողներին հիշեցրեց Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման մասին, այսպիսով՝ այս հանգամանքն իր դերակատարությունն ունեցավ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունների վերսկսման համար: Ես կարծում եմ, որ Անկարայի տեսանկյունից այս հետաքրքրությունը պայմանավորված է նաև Թուրքիայի ղեկավարների արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություն գրանցելու հանգամանքների փնտրտուքով: Սա կարելի է դիտարկել նաև որպես անուղղակի ճնշում Բաքվի նկատմամբ, որպեսզի սկսի գործարկվել Անդրանատոլիական խողովակաշարը (Trans Anatolian Pipeline – TANAP):
– Վեց հետխորհրդային երկրների հետ ռազմական դաշնագրի շրջանակում Ռուսաստանը ձևավորում է միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ պետական այցով եղավ Հայաստանում, բանակցություններ վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց առաջին հերթին Պուտինն այցելեց Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազա, որը տեղակայված է Գյումրիում և մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում մեծ արագությամբ ընդլայնվում է: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ռազմական էքսպանսիան Հայաստանում և ի՞նչ տարածաշրջանային սպառնալիքներ եք տեսնում սրանում:
– ՌԴ-ն պահպանում է «պրոքսի» պատերազմը Լեռնային Ղարաբաղում՝ ճնշելով Ադրբեջանին և Արևմտյան երկրներին ու կառույցներին: Սա է հիմնական պատճառը, թե ինչու է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այդքան կարևոր Մոսկվայի համար: Սա ՌԴ-ին հնարավորություն է տալիս խոշոր միավորներ քաղել, երբ սկսում է խոսք գնալ արևմտյան ենթակառուցվածքային ծրագրերի, առևտրի ու Կովկասով տրանսպորտային ցանցերի մասին: Ցավալիորեն, այս ջանքերում Հայաստանը Ռուսաստանի կողմից օգտագործվում է որպես զինվոր: Հայաստանը ռազմական աջակցություն է ստանում Ռուսաստանի կողմից Գյումրիի բազայի միջոցով, բայց գինը, որը վճարում է` դա միջազգային մեկուսացումն է, անկախ քաղաքականություն վարելու սահմանափակումն ու երկրի տնտեսական նվաճումը:
– Շատ միջազգայնագետներ են պնդում, որ Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը Հայաստանում հանգեցնելու է տարածաշրջանում ՌԴ-ի և Արևմուտքի ռազմական մրցավազքին:
– Ներկայումս Արևմուտքը հետաքրքրված չէ Կովկասում որևէ տեսակի ռազմական մրցավազքով, այսպիսով՝ ես չեմ կարծում, որ սա կարճաժամկետ ապագայում կարող է ուղղորդել մրցավազքի: Այնուամենայնիվ, դա սպառնում է Արևմտյան ռազմավարական հետաքրքրություններին և տարածաշրջանային երկրների ինքնիշխանությանը:
– Պարոն Պետերսեն, Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն չի հեռանալու Անդրկովկասից: Այս արտահայտությունը շատ է քննարկվել՝ մեկնաբանվելով, որպես ոչ պատահական: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր սա նշանակում:
– Ի դեմս ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում խորը ինտեգրացիայի, բայց միևնույն ժամանակ Եվրասիայում ԱՄՆ-ի հետաքրքրությունների բացակայության՝ Պուտինը պարզորեն հաշվարկել է, որ Ուկրաինայում և Կովկասում ճնշումներով Ռուսաստանի ազդեցությունը կտարածվի, իսկ ռազմավարական հենակետը կապահովի, Ռուսաստանի կարծիքով, իր ազդեցության արտոնյալ ասպարեզը: Սա է այն գաղափարախոսության մի հատվածը, որը գերիշխում է Կրեմլում, այսինքն՝ սովետական տարածքների միավորում Մաքսային միության և Եվրասիական միության գաղափարի ներքո: Այս ամենը նշանակում է սահմանափակված սուվերենություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար, ցավոք:
– Ամեն դեպքում, ինչպե՞ս պետք է Արևմուտքը դիմակայի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական և ռազմական դիրքերի ընդլայնմանը և հավասարակշռի իրավիճակը:
– Իրատեսական չէ սպասել, որ արևմտյան երկրները և կառույցները ռազմական տեսանկյունից կհավասարակշռեն Ռուսաստանին տարածաշրջանում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները` այնպես, ինչպես ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է դիվանագիտական և տնտեսական ոլորտներում ավելի ներգրավված լինեն տարածաշրջանում: Արևմտյան ղեկավարների կողմից բարձր մակարդակի ուշադրությունը տարածաշրջանային խնդիրների վրա երկարաժամկետ ճանապարհ է հավասարակշռությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, արևմտյան ռազմավարության նպատակը չպետք է լինի Ռուսաստանին հավասարակշռելը, այլ հետամուտ լինել տարածաշրջանում արևմտյան շահերին, այլապես ՌԴ-ն ակտիվ է:
– Երկար դադարից հետո շաբաթներ առաջ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում հանդիպեցին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները, որին հաջորդեց Կիևում հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հանդիպումը, այսինքն՝ մի քանի տարվա փակուղային գործընթացից հետո տեսանելի է որոշակի ակտիվություն, ի՞նչ հեռանկար է այս ակտիվությունը խոստանում, եթե Հայաստանում և Ադրբեջանում չեն հավատում, որ ներկայումս ՌԴ-ն թույլ կտա հասնել հակամարտության հանգուցալուծմանը:
– Տարբեր եղանակներով հակամարտության մեռյալ կետը Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդի և հակամարտության մասնակցի դերակատարությունն է: Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպումները քաջալերող են և պետք է շարունակվեն, բայց ԱՄՆ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի Մինսկի խմբի շրջանակում անցկացվող քննարկումները բազմակողմանի բանակցությունների ուղղությամբ տանելու համար: Սրա մեծ մասը հնարավոր է անել բարձր մակարդակի դիվանագիտական ներգրավվածությամբ: Բեկումն ավելի հասանելի կլինի, եթե ԱՄՆ-ն ցույց տա, որ հակամարտության կարգավորմանը շատ լուրջ է մոտենում:











































