Իրանի իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը պետք է կատարի С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին նա ասել է RIA Novosti-ին՝ պատասխանելով Իրանին С-300-ների մատակարարումից Ռուսաստանի հրաժարվելու և դրանց փոխարեն «Անթեյ-2500» համալիրներ մատակարարելու առաջարկի մասին հարցին:
Հիշեցնենք, որ С-300-ների մատակարարման պայմանագիրը ստորագրվել էր 2007-ի վերջին, սակայն 2010-ին Ռուսաստանը հրաժարվել էր մատակարարումներից՝ կապված ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված պատժամիջոցների հետ, որոնք արգելել են ժամանակակից սպառազինության փոխանցումը Թեհրանին: Ի պատասխան՝ Իրանը «Ռոսօբորոն էքսպորտի» դեմ 4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան:
Այս տարվա հունիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Մոսկվան արդեն ընդառաջ է գնացել Թեհրանին՝ առաջարկելով С-300-ներին տեխնիկական հատկանիշներով գերազանցող «Անթեյ 2500» համալիրներ: Սակայն Թեհրանում այդ տեղեկությունները հերքել են:









































