Ռազան Զայթունեն՝ սիրիացի հայտնի իրավապաշտպան և փաստաբան, որի հրապարակումները նվիրված են երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի «գազանություններին», ամուսնու և երկու գործընկերների հետ առևանգվել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պարզ չէ, թե ով է կատարել հանցագործությունը: Դումա քաղաքի տեղի խորհուրդը, որտեղ բնակվում է փաստաբանը, առևանգումն անվանել է վախկոտ գործողություն, որը նման է իշխող վարչակարգի գործողություններին: Ակտիվիստը, որը չի ցանկացել է հայտնել անունը, հայտարարել է, որ Դումայում ընդդիմության մի շարք գործիչներ ևս քննադատել են իրավապաշտպանի աշխատանքը:
36-ամյա Զայթունեն եղել է արտասահմանյան մամուլի առանցքային իրազեկիչներից մեկը, որը պատմել է ընդդիմադիրների հանդեպ Ալ-Ասադի վարչակարգի կողմից իրականացվող ճնշումների մասին: Նա մի քանի մրցանակի է արժանացել:







































