Լոս Անջելես քաղաքում սոցիալական աշխատակիցների ցույցին ձերբակալվել է առնվազն 7 մարդ՝ հաղորդում է KTLA հեռուստաալիքի կայքը:
Մի քանի հարյուր մարդ մասնակցել են ակցիային, որը կազմակերպել է County Children’s Social Workers տեղի կազմակերպությունը: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ցուցանակներ են պահել և կարգախոսներ վանկարկել: Ցուցարարների հստակ թիվը չի հաղորդվում:
Ակցիան անցել է Լոս Անջելեսի սոցիալական աշխատակիցների գործադուլի շրջանակներում, որը հայտարարվել է դեկտեմբերի 5-ին: Ցուցարարները պահանջել են երեխաների հետ աշխատող սոցիալական ծառայողների աշխատանքի պայմանների վերանայում: Ցուցարարները դիմել են նաև իշխանություններին՝ պահանջելով մեծացնել սոցիալական աշխատակիցների թիվը քաղաքում՝ փոքրացնելու համար մեկ ծառայողի ծանրաբեռնվածությունը:











































