«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում արդարադատության նախարարության նախաձեռնած վերջին փոփոխությունը հարուցել է մի շարք փաստաբանների և քաղաքացիների դժգոհությունը: Համաձայն այդ փոփոխությունների՝ այսուհետ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վերադարձվելու դեպքում պետական տուրքը, որի նվազագույն չափը 20 հազար դրամ է, չի վերադարձվելու:
Կառավարությունն անցած շաբաթ արդեն իսկ հավանություն է տվել նախարարության ներկայացրած՝ «Պետական տուրքի մասին» օրենքում վերոհիշյալ փոփոխությունների նախագծին:
Կառավարության նախորդ նիստին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս փոփոխությունը բացատրել էր երկու հանգամանքով: «Այս փոփոխությունները երկու նպատակ են հետապնդում. առաջինը՝ բեռնաթափել Վճռաբեկ դատարանը հազարավոր դիմումներից, որոնք հիմնավոր չեն և վերադարձվում են, և երկրորդը՝ բովանդակային առումով փոփոխության էությունն այն է, որ Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն մյուս դատարանների, մինչև գործը վերադարձնելը՝ իրականացնում է մի շարք գործողություններ, որոնք այս փոփոխությամբ կլուծվեն»,- ասել էր նախարարը:
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ արդարադատության նախարարությունն անկեղծ չէ և չի բացահայտում այս փոփոխության իրական պատճառները: «Ավելի ազնիվ կլիներ, որ ասվեր՝ բյուջեն համալրելու խնդիր կա: Դա ավելի պարզ ու անկեղծ կլիներ: Երևի հաշվարկել են՝ տեսել, որ այս ուղղությամբ էլ կարող են գումար աշխատել և բողոքը վերադարձնելով՝ կարող են երկու խնդիր լուծել, այդ թվում՝ բյուջեն լցնելու, և գնացել են այդ քայլին: Թե չէ՝ ի՞նչ է նշանակում բեռնաթափել վճռաբեկ դատարանն անհիմն դիմումներից: Ոչ ոք չի ցանկանում դատարանի դուռը գնալ: Մարդը ստիպված, պրոբլեմից դրդված է գնում դատարան: Դատարանը նրա համար է, որ աշխատի, լսի էդ մարդկանց բողոքները: Եթե ծանրաբեռնված է աշխատում, թող կադրային համալրումներ անեն, ոչ թե բողոք ներկայացնողներից գումար գանձեն: Սա լուծում չէ»:
Փաստաբանի կարծիքով՝ ամեն դեպքում այս փոփոխությունն իրենց ցանկացած արդյունքը չի տա, այսինքն՝ Վճռաբեկ դատարան բողոքների թիվը չի նվազի: «Դիմողը կդիմի. սա լուծման տարբերակ չէ: Եթե մարդը խնդիր ունի, գնացել է դատարան, անցել է երկու ատյաններով, գումար է ծախսել, ապա մինչև վերջ կգնա՝ այդ 20 հազար դրամին չի նայի: Պարզապես այս փոփոխությամբ մարդկանց ֆինանսական վատ վիճակի մեջ են դնում, նաև՝ ինչ-որ ձևով էլ փորձ է արվում խոչընդոտել փաստաբանի գործունեությանը»,- կարծում է Տիգրան Տեր-Եսայանը:
Դատաիրավական ոլորտի փորձագետ Գեորգի Խաչատրյանը ևս հակված է կարծելու, որ այս փոփոխությամբ բողոքների թիվը չի նվազի, և նպատակն ավելի շատ բյուջեն լցնելն է:
Փորձագետի համար հասկանալի չէ նաև մոտեցումը, թե ինչու է խտրականություն դրվում եռաստիճան դատական ատյանների միջև: «Եթե վերցնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշակի ծառայություն է մատուցում, որը պետք է վճարվի, ապա նույն տրամաբանությամբ այս ծառայությունը, այսինքն՝ հայցադիմումը ընդունելու հարցը քննելը, մատուցում են և՛ առաջին ատյանի դատարանը, և՛ վերաքննիչ դատարանը: Ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի կիրառվում նրանց դեպքում: Ստացվում է, որ Վճռաբեկ դատարանն առանձնացվում է եռաստիճան դատական համակարգում, և սահմանափակվում է Վճռաբեկ դատարանում դատական պաշտպանության իրավունքը»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ առանց այդ էլ մինչ օրս հասկանալի չէ, պարզ չէ Վճռաբեկ դատարանի ընկալելի դիրքորոշումը՝ կապված բողոքները վարույթ ընդունելու հարցի հետ:
Ինչ վերաբերում է պատճառաբանությանը, թե այս փոփոխությամբ փորձ է արվում նվազեցնել Վճռաբեկ դատարան տարվող անհիմն բողոքների թիվը, ապա փորձագետի խոսքով՝ եթե նվազեցում էլ լինի, ապա դա կլինի շատ չնչին և կարվի արհեստականորեն:
«Անձն ուզում է իր իրավունքի պաշտպանությունն իրացնել մինչև վերջ՝ մանավանդ, եթե անձը ուզում է գնալ Եվրոպական դատարան, այսպես թե այնպես՝ դիմելու է վճռաբեկ դատարան: Եթե սա էլ հաշվի առնենք, ապա ստացվում է, որ ընդամենը բյուջեն լցնելու միջոց է»:
Նշենք, որ միայն անցած տարի Վճռաբեկ դատարան ներկայացվել է 4 հազար բողոք, որոնցից միայն 5-7 տոկոսն է վարույթ ընդունվել: Եթե հաշվի առնենք նաև այն պրակտիկան, որ տարեցտարի առավել մեծ թվով բողոքներ են ներկայացվում տարբեր դատարաններ, այդ թվում՝ Վճռաբեկ, ապա կարելի է հանգիստ հետևություն անել, որ արդարադատության նախարարությունը լուծել է իր առջև դրված խնդիրը: Օրենքի կիրառումից հետո միայն այս ոլորտից հսկայական գումարներ կգնա բյուջե՝ ոչինչ, որ մյուս կողմում հասարակ քաղաքացին է:
Հիշեցնենք նաև, որ նախարարության կողմից բյուջեն լցնելու մի փորձ էլ վերջերս արվեց փաստաբանների ինստիտուտի հետ կապված: Նախարարությունը ցանկանում էր վարել փաստաբանների ռեեստր, որի համար յուրաքանչյուր փաստաբան տարեկան պետք է վճարեր 60 հազար դրամ: Այս նորամուծության հետ կապված՝ ևս բողոքի մեծ ալիք բարձրացավ, փաստաբանները հայտարարեցին, որ իրենք չեն վճարի այդ գումարը: Աղմուկից հետո նախարարության ներկայացուցիչներն ու փաստաբանները դեռևս փորձում են օպտիմալ լուծում գտնել:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































