Air China չինական ավիաընկերության ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, թռիչքի ընթացքում փոխել է ուղղությունը և չվերթի համարը: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Ռենհափ» գործակալությունը:
Boeing-747 ինքնաթիռը Փխենյանից թռչել է Պեկին CA122 երթուղով, սական Չինաստանի մայրաքաղաքին մոտենալիս մինչև Սինգապուր հասնելը փոխել է չվերթի համարը՝ CA61:
Հայտնի չէ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը այդ ինքնաթիռո՞ւմ է, սակայն ամենայն հավանականությամբ Կիմ Չեն Ինը այդ կերպ ուղևորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք գագաթնաժողովին: Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԱՄՆ նախագահը Կանադայում «Յոթյակի խմբի» գագաթնաժողովից վերադառնալուց հետո կրկին ինքնաթիռ է նստել և ուղևորվել Սինգապուր:








































