ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով այցով գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, հայտարարել է, որ «ցավով հետևում է, թե ինչպես է ուկրաինական միլիցիան ուժ կիրառելով՝ դուրս մղում ցուցարարներին Կիևի կենտրոնական հրապարակից»: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ուկրաինայի ԵՄ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում նրա արած գրառման մեջ ասվում է, որ տարբեր քաղաքական ուժերի ու հանրության հետ իշխանությունների երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ուժի փաստարկները:
Բարոնուհի Էշթոնն Ուկրաինա էր ժամանել երեկ և բանակցություններ անցկացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կիևում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ով երեքշաբթի նույնպես հանդիպել է առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ:







































