Սայաթ-նովայի 10 հասցեում սկսված շինարարությունը շարունակվում է՝ չնայած բնակիչների բողոքներին և բազմաթիվ նամակներին՝ ուղղված ինչպես քաղաքապետին, այնպես էլ վարչապետին և նախագահին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բակի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց, որ ինքն անձամբ է նամակներն ուղարկել, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել: Փոխարենը բակի շինարարական աշխատանքներին հետևողներն իրենց այնպես են պահում, ասես բակն ու ճանապարհն իրենցն է: «Մի լոզունգ կա երկրում. մենք ոնց ուզենք՝ այդպես էլ կանենք: Իրենք որոշել են, այդպես էլ կանեն: Մի քանի անգամ շինարարության պատճառով թույլ չեն տվել տաքսի մտնի բակ, վարորդների նկատմամբ բռնություն է կիրառվել: Ինձ հայհոյել են՝ ես քո մորուքը… Եթե թուրքն է հոգևորականին հայհոյում, հասկանում ես, թուրք են, բայց որ հայն է այդպես վարվում, շատ ցավալի է»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ եկել է մի եզրակացության՝ այս բռնության դեմ մի ելք կա՝ հեղաշրջում, զենք:
Ասուլիսի մյուս բանախոս՝ իրավաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ իրենք այժմ հարցը փորձում են կարգավորել օրենքով, սակայն այս դեպքում ևս քաղաքապետարանը կեղծ փաստաթղթեր է ներկայացնում. «Սա քաղաքական խնդիր չէ, միայն օրինական շահեր ենք պաշտպանում: Մենք նամակն ուղղել ենք քաղաքապետին՝ որպես վարչական մարմնի, այլ անձինք իրավունք չունեն պատասխանելու, սակայն մեզ պատասխանում է ոչ թե քաղաքապետը, այլ ոմն Ասրյան»:
Սայաթ-Նովայի 10 հասցեի բնակիչ Ալբերտ Սարգսյանն ասաց, որ կառուցվող տարածքը իրենց բակում չի տեղավորվում, սակայն դա քաղաքապետարանին չեն կարողանում հասկացնել: Բացի դրանից՝ բնակիչներն ուզում են հարցի վերաբերյալ լսել Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքը. «Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը իր կարծիքը չի արտահայտում, մենք ուզում ենք նրա կարծիքն իմանալ, դուք եք քաղաքի գլխավոր ճարտարապետը, պատասխանեք, ինչո՞ւ եք պասիվ դիրք զբաղեցնում»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































