Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Հարավային Կորեայի պաշտոնյաներին առաջարկել են համատեղ նշել երկու երկրների պատմության մեջ առաջին բարձր մակարդակով հանդիպման տարեդարձը, որը տեղի է ունեցել 2000-ին: Այս մասին հայտնում է Yonhap News գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցչին:
Գործակալության տեղեկություններով՝ բանակցությունների առաջին փուլի ժամանակ, որոնք անցկացվում են Փհանմունջոմ սահմանապահ կետում, հարավկորեացի դիվանագետներն առաջարկել են հյուսիսկորեական Կեսոն քաղաքում ստեղծել ապրիլի 27-ին ստորագրված Փհանմունջոմյան հռչակագրի իրականացման ընդհանուր բյուրո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն այս առաջարկին համաձայնել են:
Ուրբաթ առավոտյան Փհանմունջոմում սկսվել են Հարավային եւ Հյուսիսային Կորեաների պատվիրակությունների բանակցությունները: Հարավային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցում են միավորման նախարար Չո Մյոն Գյոնը, տրանսպորտի փոխնախարար Կիմ Չժոն Յոլը եւ մշակույթի, սպորտի ու տեղեկատվության փոխնախարար Նո Դե Գանը: Հյուսիսային Կորեան ներկայացնում են Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը, երկաթուղային տրանսպորտի փոխնախարար Կիմ Յոն Հյոկը եւ սպորտի փոխնախարար Վոն Գիլ Յուն:
Հարավկորեացի քաղաքական գործիչների կարծիքով՝ բանակցային թիմերի կազմը վկայում է, որ երկխոսության գլխավոր թեմաները կլինեն 2 երկրների արեւելյան ափերին երկաթուղիների միավորման նախագիծը, ինչպես նաեւ հումանիտար եւ սպորտային փոխանակությունը, ներառյալ Կորեական պատերազմով բաժանված ընտանիքների ազգականների հանդիպումը:











































