«Էն աուդիտը, որի մասին խոսվում է, իրականացվում է «Այբ» հիմնադրամում և «Այբ» դպրոցի հետ ոչ մի կապ չունի։ Կարծում եմ, որ արդյունքները լավ կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փարչանյանը ՝ հավելելով. «Պետությունը, կառավարությունը միշտ պետք է վերահսկի իր կողմից հատկացված գումարների օգտագործումը։ Բայց մեզ անհանգստացրեց այն, որ մինչ վերահսկողության ավարտը եղան հայտարարություններ, թե ինչ է ակնկալվում այդ վերահսկողության ավարտին։ Դա մի բան է, որը սխալ է։ Ցավում ենք, որ նախկինում կառավարության կողմից մեր գործունեության մասին նույնքան ուշադրություն չի ցուցաբերվել»։
Մեր դիտարկմանը, թե ներկայիս կառավարության ուշադրությունը արդյոք նշանակում է, որ կոռուպցիոն որոշակի ռիսկեր կան ամեն դեպքում, Փարչանյանը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է, մենք ամեն տարի ստուգվում ենք լուրջ աուդիտորական կազմակերպությունների կողմից։ Մենք համոզված ենք, որ մաքուր ենք աշխատել։












































