Հայաստանը նոյեմբերի 2-ին զրկվեց «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս պետական բաժնեմասից. ռուսական «Գազպրոմ»-ն այդ օրը պայմանագիր է ստորագրել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը ձեռք բերելու մասին: Այս գործարքի հետևանքների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ:
– Պարոն Մեսրոպյան, ինչպիսի՞ն կլինեն այս գործարքի՝ վերջին 20 տոկոս բաժնեմասից Հայաստանի զրկվելու հետևանքները:
– Ես քաղաքականության մեջ ոչ մի էական փոփոխություն չեմ տեսնում, քանի որ դեռ այն ժամանակ, երբ 20 տոկոսը Հայաստանինն էր, ոչ մի ինքնիշխան կամ ժողովրդին պաշտպանող քայլեր չեն արվել, հետևաբար՝ ըստ էության, փոփոխություն չի լինի: Ժամանակին մենք այդ 20 տոկոսը ոչ մի ձևով չէինք օգտագործում:
– Բայց ի՞նչ էր, այնուամենայնիվ, մեզ տալիս այդ 20 տոկոսը:
– Բաժնետիրական ընկերությունում թեկուզ մեկ տոկոս ունեցողը իրավունք ունի հարցեր բարձրացնելու, անհամաձայնություն հայտնելու, առաջարկություններ ներկայացնելու: Ճիշտ է՝ 20 տոկոսը որոշիչ ազդեցություն չի կարող ունենալ որոշում կայացնելու մասով, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն էր տալիս ֆորմալ իմաստով որոշակի ակտիվություն ցուցաբերել: Երկար տարիներ հայկական կողմն ունեցել է այդ 20 տոկոսը, սակայն ես ոչ մի անգամ չեմ տեսել որևէ աղբյուրում, որ դրա տերը որևէ հարց բարձրացնի կամ պայքարի, հետևաբար՝ թե ում ձեռքն է այն մնացած 20 տոկոսը իրականում, իրոք, էական չէ:
– Կա նաև տեսակետ, որ այս 20 տոկոսի ձեռքբերումը շահավետ չէ հենց իր՝ ռուսական կողմի համար, քանի որ պատասխանատվության իրենց մասն ավելանում է:
– Ընդհանուր առմամբ, հասկանալի է հարցի ենթատեքստը. ֆորմալ առումով՝ հայկական կողմը որոշակի պատասխանատվություն, այո, կրում էր, բայց այն ավելի շատ ձևական էր, ըստ էության, փաստորեն՝ պատասխանատվությունը մինչ այդ էլ իրականում նրա մոտ էր, ով ուներ մնացած 80 տոկոսը, որովհետև դրանով դու կարող ես ընդունել ցանկացած, այդ թվում նաև՝ ռազմավարական որոշումներ: Մենք, փաստորեն, այսպիսով ունենում ենք պատասխանատվության ուղղակի ֆորմալացում մինչև 100 տոկոս, մինչդեռ իրականում գործնականում դա ոչ մի նշանակություն չունի: Ինչպես արդեն ասացի, 20 տոկոս ունեցողը կարող է հարցեր բարձրացնել, հարցադրումներ ունենալ, լուծումներ տալ, առաջարկներ ներկայացնել՝ գոնե ֆորմալ իմաստով. չկարողանալով, այնուամենայնիվ, ազդել որոշումների վրա՝ գոնե հասարակության և ժողովրդի աչքի առջև մենք կարող էինք իրականացնել ժողովրդի և նրա իրավունքները պաշտպանող գործունեություն, որը, սակայն, չի կատարվել, այդ պատճառով ֆորմալ իմաստով էլ իրականում առանձնակի պատասխանատվություն չի փոխվել, որովհետև մինչև այդ էլ քսան տոկոսն ակտիվ չի եղել, և փաստորեն բոլոր որոշումներն ընդունվել են 80 տոկոսի պահանջով ու նաև՝ 20 տոկոսի համաձայնությամբ:
– Ինչո՞ւ է նման որոշում կայացվում հիմա:
– Այդ հարցն ինձ չի այլևս հետաքրքրում. եթե, ըստ էության, խնդիրը չի փոխվում, մնացած՝ ձևի իմաստով, այն դառնում է ոչ հետաքրքիր: Բոլոր դեպքերում՝ ես այստեղ ավելի շատ տեսնում եմ, որ գնի կոմպենսացիայի խնդիր է լուծվում. գինը պետք է իջնի դրա դիմաց՝ «Գույք պարտքի դիմաց»-ի նման մի գործողություն է, որով մեր կողմը հրաժարվում է այդ 20 տոկոսից: Ուրիշ բացատրություն չկա. այստեղ ավելի շատ ֆորմալ հաշվապահական խնդիր է՝ մնացած բոլոր ձևական հետևանքներով: Պիտի նաև տեղեկացնեմ, որ այս որոշումը չի բերում որևէ դրամական հոսքի, ուղղակի կատարվում հաշվանցում՝ զուտ հաշվապահական բնույթի է:
– Ամեն դեպքում՝ այս «գործարքը» նշանակո՞ւմ է, որ հայկական կողմի պահանջներն այլևս լսելի չեն լինի բացարձակ սեփականատիրոջ համար:
– Գիտեք ինչ, մինչ այդ էլ մենք առանձնապես մեզ չէինք կոտորում՝ բողոքելով (այդ քսան տոկոսի դեպքում): Նորից հարցը ես ըստ էության եմ բաժանում և ըստ ձևի: Բոլոր դեպքերում, պիտի չմոռանանք, որ Հայաստանը պարտավոր է վարել սեփական շահերը հետապնդող քաղաքականություն: Նման օրինակներն աշխարհում քիչ չեն. եթե ինչ-որ ռազմավարական ձեռնարկություն 100 տոկոսով գտնվում է օտարի ձեռքում, քիչ են դեպքերը, երբ պետությունը պայքարում է իր շահերի համար, հետևաբար այստեղ ոչ թե մենք պիտի բացատրություններ գտնենք այն հարթության մեջ, թե՝ վայ, մենք ոչ մի բան չենք կարող անել, այլ ընդհանրապես բոլոր հարցերում համառորեն տանենք հայաստանակենտրոն քաղաքականություն, ինչին ես կասկածում եմ:
– Կանխատեսելի՞ է գազի սակագնի բարձրացում, և եթե այո, ապա՝ ե՞րբ:
– Իմ կարծիքով՝ ամեն ինչ արվելու է, որ օր առաջ ցույց տան, թե Մաքսային միությունը շատ ձեռնտու միավորում է, և բնական է, որ պետք է ցույց տալու համար որոշ ազդեցիկ քայլեր անեն: Այն է՝ կսկսեն ինչ-որ ձևով մի քանի ուղղությամբ գներն իջնել, իսկ դա վերաբերում է Հայաստանի ողջ բնակչությանը: Ես զգում եմ, որ նման բան լինելու է՝ այդ առավելությունները ցույց տալու համար: Իսկ թե հետագայում ինչ կլինի՝ ցույց կտան ոչ միայն աշխարհում տարբեր ապրանքների և ծառայությունների դիմաց գների տատանումները, այլ նաև կախված կլինի ընդհանրապես՝ քաղաքական և տնտեսական մթնոլորտից: Բայց ես զգում եմ, որ հիմա մի քանի պոպուլիստական քայլեր անպայման կարվեն:










































