Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ՝ Լեռնային Ղարաբաղի մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ հանդես էին եկել հայտարարությամբ, որում քննադատվում էր Հայաստանի՝ վերջին շրջանում վարած հստակ ռուսաստանամետ քաղաքականությունը․«Մենք հաստատում ենք, որ դեմ չենք Ռուսաստանի հետ իրավահավասար դաշնակցային հարաբերություններին, որը հնարավոր է վերջինիս մոտ կայսերական ամբիցիաների բացակայության դեպքում»:
Հայտարարության հեղինակներից՝ ազատամարտիկ, Ղարաբաղում բնակվող Արթուր Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անընդունելի է համարում այնպիսի քայլը, որը կվնասի Հայաստանի կամ Ղարաբաղի ինքնիշխանությանը. «Մենք ունենք երկու պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. երբ մեր ինքնիշխանությունը տրվում է մեկ ուրիշ պետության վերահսկողության, այ, դա ես չեմ ընդունում:
Երբ այն ամենը, ինչ ունենք-չունենք՝ էներգետիկ համակարգ և այլն, տրվում է Ռուսաստանին, այսինքն՝ Մաքսային միությանը, ես դա արդեն չեմ ընդունում»,- ասաց նա:
Արթուր Սարգսյանն անընդունելի է համարում առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մաքսային միությանն անդամագրվելու ՀՀ իշխանությունների որոշումը. «Երբ ռուսի ոտքը դրվում է իմ տարածքում, իմ երկրում, որպես ղեկավար՝ ես դա չեմ ընդունում՝ որքան էլ պնդեն, թե դա անվտանգության շահերից ելնելով է արվում»:
Արթուր Սարգսյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը չի կարող լինել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը. «88-ից մինչև հիմա այն, ինչ որ մենք արել ենք, ոչ թե ռուսի տված զենքի, անվտանգության երաշխիքների արդյունքն է, այլ մեր միասնության: Որպես ռազմավարական գործընկեր՝ գուցե ՀԱՊԿ ընկերության մեջ ռազմավարական համագործակցություն կա, դա ուրիշ բան է, բայց զորք է մտցնում այստեղ, քանակ ավելացնում, ժամանակակից զենք տալիս թշնամիներին, հետո խաբում: Եթե իմ և իմ ընկերների արյամբ ազատագրված տարածքները պետք է տրամադրենք ուրիշին՝ ես դրա հետ համաձայն չեմ, ես թույլ չեմ տա:
Ղարաբաղի հիմնական երաշխավորը հայ ազգն է, ողջ հայ ազգը՝ Հայաստանը, Ղարաբաղը և Սփյուռքը. մեր միակ երաշխավորը մեր միասնությունն է, իսկ եթե որևէ մեկն ուզում է մեզ օգնել՝ խնդրեմ, սակայն Պուտինն օգնության համար չէր եկել այստեղ, այստեղ իր շահերն ունի. դա հասկանալ է պետք: Առհասարակ՝ Պուտինի գալով ոչինչ չի փոխվել, ժողովուրդը ինչպես ապրել է, այնպես էլ ապրում է, չգիտեմ՝ հետագայում հնարավոր է շատ կտրուկ փոփոխություններ լինեն, բայց այս 20-25 տարվա պայքարում ռուսի դերակատարությունն այնքան էլ մեծ չէ: Հակառակը՝ եղել են դեպքեր, երբ շատ բան ենք կորցրել, զոհեր տվել. ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կարող է փոխվել»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ ավելի շատ վասալային են, մեր զրուցակիցն ասաց. «Որպես դաշնակից պետություններ՝ գոյություն ունեն չափեր, որ չպետք է անցնեն, մեր երկրների երկու պետությունների ինքնիշխանությունը չպետք է խաթարվի: Մենք պետք է պաշտպանենք միայն ու միայն մեր ազգի շահերը. եթե այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք այս 20-25 տարվա ընթացքում, հիմա պետք է տանք Ռուսաստանին, դա կլինի հանցագործություն, և ոչ միայն ռուսներին՝ թուրք լինի, թե մեկ ուրիշ՝ միևնույն է. քաղաքականության մեջ և ընդհանրապես՝ ամեն ազգ պետք է պաշտպանի իր շահը, հակառակ դեպքում կկործանվի:
Մեր ազգը ունի ներքին ներուժ, մեր ազգը պետք է միանա, մինչև 96 թվականը միասնական էր, և հիմա էլ եթե միասին չլինենք՝ կկործանվենք: Ինչքան էլ ցանկանան մեզ վրա մատ թափ տալ՝ չեն կարողանա, եթե մենք բռունցք դառնանք»:
Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամագրվելու համար պետք է հանրաքվե անցկացվեր, և ժողովուրդն ինքը պետք է այդ որոշումը կայացներ կամ մերժեր. «Ժողովրդին հարցրեք՝ ուզում է դառնալ ռուսի ստրո՞ւկ, թե՞ Ամերիկայի գաղութ. թույլ տվեք ժողովուրդը որոշի:
Ես շատ կցանկանայի, որ լիներ հանրաքվե: Մեր երկու պետությունների սահմանադրություններում էլ հստակ ամրագրված է, որ մենք ինքնիշխան պետություն ենք, չպետք է թույլ տանք, որ մեզ հանկարծ դրանից զրկեն»,- եզրափակեց նա:











































