«Անընդհատ անալիզ եմ անում, թե ինչ ենք ձեռք բերելու, ձեռք կբերենք, թե ոչ՝ մեզնից է կախված»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ ընդգծելով, որ առնվազն 10 տարի է պետք, որ մեր երկիրը վեր բարձրանա, և պետք է լծվել աշխատանքի: «Եթե առաջ գիտեիք, որ աշխատում եք, գնում է շանորդիների գրպանն է լցվում, հիմա գիտեք, որ դա չի լինի, ուրեմն աշխատենք, որ մեր պետության գանձարկղը լցվի: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր պետությունը հզորանա: Հերիք է մասնավոր ձևով մտածել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա գնահատմամբ՝ հիմա շատ բան է փոխվել. «Իսկապես նոր փոխհարաբերություններ է ուզում բերել մեր վարչապետը, բայց դա քիչ է, ժողովուրդը պետք է հասկանա, որ այլևս հինը չէ, ուրիշ փոխհարաբերություններ են, ուրիշ մարդկային տեսակ է պետք… Հայրենասիրությունը զոհողություն է պահանջում, երիտասարդը չպետք է խուսափի ծառայությունից… Հեղափոխության ժամանակ ինձ հուզեց այն, որ մաքրում էին հրապարակը, այդ ժամանակ հասկացա, որ ժողովուրդն արթնանում է»:
Հայտնելով իր գոհունակությունը այն իրողության համար, որ հնարավոր եղավ իրականություն դարձնել թավշյա, բաց ձեռքերով հեղափոխությունը, Կ. Ծատուրյանը միաժամանակ նշեց, որ հարգելն ու սիրելը շատ կարևոր է, բայց չպետք է կուռք դարձնել մարդուն, դա փչացնում է նրան:
«ՀՀԿ-ն պարտվածի դիրքերում է, իսկ ժողովուրդը վիրավորված է, որ իրեն շան տեղ չեն դրել, արհամարված է եղել,- վերլուծելով ոչ հեռավոր անցյալը՝ նշեց Կ. Ծատուրյանը,- բայց պետք է ոչ թե ասեք՝ թաղե՛մ արևդ, այլ փշի-փշի անելով կանչեք, հարստությունները ձեռքներից վերցրեք: Հրեաներից շատ բան ունենք սովորելու՝ նրանք ժպիտով են հերդ անիծում»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իր կարծիքով՝ գեղեցկությունը չէ, որ կփրկի աշխարհը, այլ՝ հումորը:
Ծատուրյանի խոսքով՝ արվեստի գնահատման մշակույթը պետք է ձևավորվի՝ մանկամսուրից սկսած, բայց կա բարձրաճաշակ մանկավարժների խնդիր: «Ամենափչացածն այդ առումով Երևանն է, խառնամբոխ է հավաքվել, Երևանը դեմք չունի»,- եզրափակեց մերզրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































