Նոր Հայաստան. արտաքին քաղաքական նոր առաջնահերթություններ. այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի տաղավարում քննարկվում տեղի ունեցավ քաղաքագետներ Սուրեն Սարգսյանի և Արեգ Գալստյանի մասնակցությամբ:
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշներում փոփոխություն տեղի չի ունեցել: Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես ձևավորվել է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, գերտերությունների շահերը, և այս առումով մեծ փոփոխություններ չեն լինի, չնայած որ մի քանի կարևոր շեշտադրումներ կան: «Առաջին՝ նոր մոտեցումներ կան ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում՝ Արցախը որպես լիարժեք կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, երկրորդ՝ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Էլթոն Ջոնի հետ քննարկել են Արարատի վերադարձի հարցը: Նման հայտարարություն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից երբևէ չենք լսել: Եվ երրորդ՝ մեր անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանը պաշտպանում է Ռուսաստանին Սիրիայի հարցում, և նրա ելույթի մեջ, որպես հիմնական մարտահրավեր, չնշվեց Ադրբեջանի մասին: Սրանք, կարծում եմ, որ նոր ձևավորվող քաղաքական մեսիջներ են, հետագայում կհասկանանք՝ դրանք միս ու արյուն կստանան, թե՞ պահի տակ արված հայտարարություններ են»:
Անդրադառնալով ՀԱՊԿ համաժողովին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությանը, Արեգ Գալստյանը նշեց. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նորանշանակ է, նրա այցը առաջին անգամ էր և ճանաչողական բնույթ էր կրում, բայց դա չի նշանակում, որ նա չպետք է շեշտադրումներ աներ Հայաստանի առջև ծառացած լուրջ սպառնալիքների ու մարտահրավերների վրա: Հայաստանի համար բոլոր հանդիպումներն ունեն պետական նշանակություն. պատմությունը չի հիշում անձերին և նրանց անձնական մոտիվները: Կա փորձի, աշխարհաքաղաքական պրոցեսների խոր ընկալման պակաս, դա նորմալ է, բայց հետագայում անհրաժեշտ է ավելի խոր և մտածված որոշումներ կայացնել, այդ թվում նաև հայտարարությունների համատեքստում»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը չի կարող իր շահերը չպաշտպանել՝ Ս. Սարգսյանը նշեց. «Եթե խոսքը ԼՂ և Ադրբեջանի շփման գծի մասին է, ՀԱՊԿ անդամ երկրներն ուրախ չեն այդ հարցը քննարկելու, բայց եթե խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, սա ՀԱՊԿ անդամ երկրների համար նույնպես մարտահրավեր է… ՀԱՊԿ պետությունները փորձում են բալանս պահել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, և խուսափում են հայտարարություններ անելուց»:
Արեգ Գալստյանի դիտարկմամբ՝ Հայաստանի անվտանգության հարցը ուղղակիորեն կապված է Ղարաբաղյան խնդրի հետ: «Նույնիսկ եթե նախկինում այդ մասին ՀԱՊԿ-ում չի խոսվել, հիմա պետք է ասել, որ գնում ենք փոփոխությունների, և պետք է շատ հստակ այդ հարցը բարձրացնել: Եթե Ալիևը պաշտոնապես հայտարարում է, որ կգա ժամանակ, և ադրբեջանցիները կվերադառնան իրենց «պատմական տարածքներ»՝ Զանգեզուր, Սևան, Երևան, այս հռետորաբանությունը սպառնալիք չէ՞: Սպառնալիքը միայն տանկերը չեն, հռետորաբանությունը ևս սպառնալիք է»:
Արեգ Գալստյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե Մամեդյարովը շտապ մեկնել է ԱՄՆ, ապա ի թիվս այլ լուրջ հարցերի՝ չի բացառվում, որ նրան Վաշինգտոն է տարել Արցախյան հարցը: Ս. Սարգսայնը հավելեց, որ Ադրբեջանը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար նաև Աֆղանստանի հանդեպ վարած քաղաքականության առումով: «Սակայն որտեղ էլ նրանք լինում են, շատ ակտիվ խոսում են նաև ԼՂ խնդրի մասին, և այս այցը բացառություն չի լինի»,- նշեց Ս. Սարգսյանը:
Հարցին, թե Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ ում համար ցանկալի կլինի, Ս. Սարգսյանը պատասխանեց՝ միայն Հայաստանի, և հավելեց, որ չափազանց բարդ է լինելու դրան հասնելը:
Արեգ Գալստյանի կարծիքով՝ Ադրբեջանը միայն տարածքների դիմաց կարող է համաձայնել ձևաչափի փոփոխությանը՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն: Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակով՝ դա տեղի կունենա, եթե Ադրբեջանի գործոնը չափազանց թուլանա աշխարհաքաղաքական հարցերում:
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ բանակցությունների ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն չկա, ավելին. «Բանակցային ձևաչափի փոփոխությունը Հայաստանի համար կունենա ծանր հետևանքներ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































