Կնեսեթի անդամները առաջին անգամ որոշել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել: Որոշումը կայացվել է մայիսի 23-ին քննարկումների ժամանակ, հաղորդում է The Times of Israel-ը։
Առաջարկը նախաձեռնել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են արտահայտվել նախաձեռնությանը։
Զանդբերգի նախաձեռնությունը ներկայացնելով՝ Կնեսեթի նախագահ Յուլիա Էդելշտեյնը հայտարարել է, որ մտահոգված է ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք արվում են միայն Թուրքիային և նրա առաջնորդ Էրդողանին նախատելու համար:
«Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա ճիշտ է, դա արդար է», – նշել է նա:
Զանդբերգը նաև շեշտել է, որ որոշ երեւույթներ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, ավելացնելով, որ «այլ ազգերի ողբերգությունները չպետք է որպես քաղաքական խաղաքարտ օգտագործվեն»:
Ավելի ուշ, քննարկումներից հետո Զանդբերգը իր միկրոբլոգում գրել է. «Պատմություն. Կնեսեթն առաջին անգամ հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկությունը լիագումար նիստում քննարկելուն, ինչի արդյունքում Կնեսեթը պաշտոնապես ճանաչում է ցեղասպանությունը: Կան բաներ, որոնք դուրս են քաղաքականության շրջանակից»:
Քննարկումների ամսաթիվը չի հայտարարվել: Իսրայելի կառավարությունը չի ուղարկել ներկայայացուցչի, որը կարող էր առարկել նախաձեռնությանը և այդպիսով քննարկումներին դեմ չի արտահայտվել:








































