ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած առաջարկը՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին, չընդունելով՝ խորհրդարանը ցույց տվեց, որ ողնաշար չունի, ամեն ինչ թելադրվում է իշխանության կողմից: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց՝ իրենք կփորձեն օգնել, որ նոր ներդրվող այս համակարգի դեմ սկսված շարժումը իրականանա, քանի որ հասարակության մի մասը դեռևս տեղյակ չէ, թե իրենց գլխին ինչ է գալու հունվարի 1-ից:
ՀԱԿ խմբակցության ներկայացրած հայցադիմումին (որն, ի դեպ, նույնպես մերժվեց) անդրադառնալով՝ Մանուկյանը նշեց, որ կառավարությունը՝ իր պատգամավորներով, մերժեց բաց քննարկումը և կրկին սխալ թույլ տվեց: «Թող մեզ պոպուլիստ ու սուտասան համարեին, բայց գործն ուղարկեին դատախազություն: Սակայն վերևից ասել էին՝ նո, նո, նո: Սա է իշխանության ու մյուս սկզբունքային կուսակցության դեմքը»,- ասաց նա:
Մանուկյանն ԱԺ էր ներկայացել թղթերի մեծ կապոցով, որ ժպիտով ներկայացրեց իբրև «գազի թուղթ»: «Վեց ամիս տառապում եմ այս թղթերով. ստացա 2008 թվականի ստացած պայմանագիրը, որի համաձայն՝ գազի սակագինը հինգ անգամ թանկացել է, և մեկ անգամ է ժողովուրդն իմացել այս մասին»,- ասաց նա:
Մանուկյանը փաստեր ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ դա կապված է եղել ընտրությունների գործընթացի հետ և գաղտնի է պահվել: Ըստ այդմ՝ 2008 թվականին նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց կնքվում է պայմանագիր, համաձայն որի՝ հինգ տարվա մեջ երեք անգամ պետք է թանկանար գազի սակագինը. 2010 թվականից քաղաքացին վճարում է 180 դոլար՝ 1000 խմ-ի համար, 2011-ի առաջին կիսամյակին՝ 205 դոլար, երրորդ կիսամյակին՝ 217 դոլար, իսկ 2013-ին՝ 245 դոլար, մինչդեռ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը բացառել էր որևէ թանկացում, ավելին՝ բամբասանք ու հերյուրանք էր համարել գազի գնի թանկացման մասին խոսակցությունները:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ 2013-ին էլ էր գաղտնի պահվում թանկացումը, որովհետև առաջիկայում սպասվում էին «կարկառուն», այն է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրությունները: «ՀայՌուսգազարդը», սակայն, կուտակել է պարտքեր՝ վճարելով նախկին գնով՝ 1000 խմ համար 280 դոլար, որովհետև իշխանությունների կողմից այդպես էր հրահանգված:
Մանուկյանի խոսքով՝ պայմանավորվել են, ասել են՝ ոչինչ, պարտքը կմուծենք, մենք ունենք սեփականություն, կտանք: Հենց այստեղ էլ հաջորդ զավեշտն է. ապրանքը չեն գնահատել. պարտքը եղել է 65 միլիարդ դրամ, այդքան էլ հաշվել են մեր սեփականությունը, արդյունքում՝ նվազագույնը 100 միլիոն դոլար կորցրել ենք:
Մանուկյանը սա համեմատեց ղումար խաղալու հետ, երբ պարտվողը ստիպված է լինում դիմացինին նրա իսկ ցանկացած գնով զիջել, ասենք՝ իր թանկագին ժամացույցը: Զավեշտ է նաև այն, որ կառավարությունը, ունենալով այդ սեփականության մեջ 20 տոկոս՝ «ՀայՌուսգազարդ»-ի կուտակած պարտքի դիմաց վճարել է 100 տոկոսով:










































