ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Ազգային անվտանգության գործակալության գործունեության մի շարք բարեփոխումներ առաջարկել: Գերատեսչությունը վերջին ամիսներին հայտնվել է քննադատության տարափի տակ՝ կապված գաղտնազերծումների հետ, որոնք արել է կառույցի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հինգշաբթի ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի եթերում՝ Օբաման հայտարարել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը պետք է որոշ ինքնասահմանափակումներ անի իր աշխատանքում, որպեսզի ամերիկացիները չանհանգստանան իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության առնչությամբ:
Օբամայի խոսքով՝ իր նախաձեռնությունները կհրապարակի առաջիկա ամիսներին, երբ կպատրաստվի ու կվերլուծվի գաղտնալսումների իրականացման մեջ մեղադրվող Ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին անկախ զեկույցը:
Օբաման ստիպված է եղել խոստովանել, որ գաղտնազերծումներն ի հայտ են բերել որոշ ոլորտներ, որոնք անհանգստության կարիք ունեն: Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ որոշ հրապարակումներ ունեցել են չափազանցված սենսացիոն բնույթ կամ ընդհանրապես չեն համապատասխանել իրականությանը:
Փորձելով պաշտպանել հատուկ ծառայությունների գործողությունները՝ Օբաման հիշեցրել է, որ այն ուղղված է ամերիկացիների անվտանգության ապահովմանը: Վաշինգտոնի համալսարանի ուսանողներին հղված ուղերձում նա ասել է, որ հատուկ ծառայություններն ամենևին չեն ջանում կարդալ նրանց էլեկտրոնային նամակներն ու SMS հաղորդագրությունները:








































