ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, այդ թվում` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարեն նոր գործարք կնքելու ճանապարհով։
«Մենք բաց ենք նոր քայլեր իրականացնելու ոչ միայն մեր դաշնակիցների և գործընկերների, այլև Իրանի հետ։ Բայց միայն այն դեպքում, եթե Իրանը մտադիր լինի զգալի փոփոխություններ իրականացնել ( իր քաղաքականության մեջ)։ Ինչպես ասաց նախագահ Թրամփը երկու շաբաթ առաջ` նա պատրաստ է, ուզում է և ի վիճակի է նոր գործարքի մասին բանակցություններ վարել, սակայն դա ինքնանպատակ չէ։ Մեր նպատակը ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է»,– ասել է Պոմպեոն։
Այս կապակցությամբ Պոմպեոն Իրանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու 12 պայման է թվարկել, որոնք առաջ է քաշում Թրամփի վարչակազմը։ «Ցանկացած նոր համաձայնություն պետք է երաշխավորի, որ Իրանը երբեք չի ունենալու միջուկային զենք և որ հրաժարվելու է չարանենգ վարքից, ինչը չկարողացավ ապահովել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը»,– հայտարարել է Պոմպեոն։
Նա առաջին հերթին Իրանից պահանջել է դադարեցնել ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքները և երբեք չզբաղվել պլուտոնիումի մշակմամբ։ Բացի այդ, Իրանը պետք է հաշվետվություն տա Ատոմային էներգիայի միջուկային գործակալությանը` միջուկային ծրագրի ռազմական բաղկացուցչի մասին և ամբողջովին հրաժարվի նման գործունեությունից, գործակալության տեսուչներին` ամբողջ երկրի բոլոր օբյեկտների նկատմամբ հասանելիություն ապահովի,– գտնում է ԱՄՆ պետքարտուղարը։
«Իրանը պետք է դադարեցնի բալիստիկ հրթիռների տարածումը և հրթիռների հետագա զարգացումը, ազատի բոլոր ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին և մեր դաշնակիցների և գործընկերների քաղաքացիներին, հարգանքով վերաբերվի Իրաքի կառավարությանը և չխոչընդոտի շիիթական ռազմական կազմավորումների զինաթափմանը և Սիրիայից, իրանական հրամանատարության տակ գտնվող ռազմական կազմավորումների դուրս բերելուն»,– համոզված է Պոմպեոն։
Եվ վերջապես, նա կոչ է արել Իրանին դադարեցնել «աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպություններին»։











































