Այսօր Կիևում սկսվում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Միջոցառմամբ կավարտվի 57 երկրի միավորող կազմակերպությունում Ուկրաինայի նախագահության տարին: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Երեկ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից ուկրաինական իշխանությունների հրաժարվելու հարցում ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների անհամաձայնության և շաբաթ օրը Կիևում ցուցարարների ցրման պատճառով Կիև չեն ժամանի մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Առաջինն իր պլանները փոխել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. նա ուղևորվել է Քիշնև: Կիևում նրան կփոխարինի օգնական Վիկտորյա Նուլանդը: Գերատեսչությունում The New York Times-ի զրուցակիցը հայտնել է, որ Մոլդովա Քերիի այցով ԱՄՆ-ը ցանկացել է աջակցության ազդանշան ուղարկել այն երկրներին, որոնք որոշել են մերձենալ Եվրամիության հետ:
Գագաթնաժողովին կբացակայի նաև ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նրան կփոխարինի ԵՄ արտաքին հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչ Հելգա Շմիդտը: Դա բոյկոտ չէ, Էշթոնն ավելի վաղ բանակցություններ էր ծրագրել Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հետ՝ վստահեցրել է Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը:
Ուկրաինայի իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով գագաթնաժողովին չեն մասնակցի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Լորան Ֆաբիուսը:
Դեռևս նոյեմբերի 30-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Twitter-ում գրել էր, որ ԵԱՀԿ գագաթնաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ ոստիկանությունը հարձակվում է խաղաղ ցուցարարների վրա, բնորոշ չէ ժողովրդավարությունը պաշտպանող ԵԱՀԿ-ին: Երեկ նրա ներկայացուցիչն ասել է, որ Սիկորսին, միևնույն է, կգնա Կիև, որտեղ կհանդիպի իշխանությունների և ընդդիմության հետ:
Իր ներկայությունը հաստատել է նաև շվեդ նախարար Կարլ Բիլդտը և նրա գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեն: Չորեքշաբթի օրվա դրությամբ իրենց մասնակցությունն է հաստատել 36 երկիր:










































