ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը վերսկսում է անցյալ տարվա ջանքերը՝ Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն արգելափակելու համար, հաղորդում է The Hill-ը։
Կոնգրեսականի՝ վաճառքը կասեցնելու պնդումները պայմանավորված են ԱՄՆ-ի աջակցությունն ստացող ուժերի նկատմամբ թուրքական կողմի ռազմական ագրեսիայով և մտահոգություններով, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցն ավելի է մոտենում Ռուսաստանին:
Սիսիլինը հինգշաբթի ներկայացրել է օրինագիծը, որն արգելում է F-35 կործանիչների վաճառքը կամ մատակարարումը, քանի դեռ նախագահ Թրամփը վստահ չէ, որ երկիրը «քայլեր չի ձեռնարկում նվազեցնելու ՆԱՏՕ-ի փոխգործունակությունը՝ դաշինքի ակտիվները թշնամական ուժերին բացահայտելով»:
Ներկայացված օրինագիծը հովանավորում են հանրապետական կոնգրեսականներ Թեդ Յոհոն, Գաս Բիլիրակիսը և Ռոբերտ Ադերհոլթը, ինչպես նաև դեմոկրատ կոնգրեսականներ Ջոն Սարբանեսը, Ֆրանկ Փալոնեն և Ջիմ ՄքԳովերնը:










































