Միացյալ Թագավորության Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական կենտրոնում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությանը՝ ասելով, որ Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում խաղաղությանն ու բարօրությանը՝ քայլեր անելով այդ ուղղությամբ, և այդ պատկերից միակ դուրս մնացողը Հայաստանն է, ու իրենք սպասում են, որ Հայաստանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի:
Էրդողանի հայտարարությունը հնարավոր է դիտարկել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում, որ նա Ստեփանակերտում ունեցած մամուլի ասուլիսում արեց հայ-թուրքական հարաբերության առնչությամբ: Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կողմ է առանց նախապայմանների հարաբերությունը կարգավորելուն, բայց քայլը Թուրքիայինն է: Դա, իհարկե, նոր դիրքորոշում չէ, բայց իրավիճակն է անշուշտ նոր, և ըստ այդմ հետաքրքիր է դրանում Թուրքիայի արձագանքը՝ հատկապես հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման պայմաններում, որի ուղղությամբ քայլն արել էր Սերժ Սարգսյանը, երբ դեռևս իշխանության էր:
Նիկոլ Փաշինյանին մինչ այդ արձագանքել էր Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը, որի արձագանքում ուշադրության արժանի էր այն, որ Թուրքիայի վարչապետը խոսում էր իր երկրի հանդեպ Հայաստանի, այսպես ասած, պատմական հավակնությունից հրաժարվելու, սահմանները ճանաչելու անհրաժեշտության մասին, սակայն չէր հիշատակում Թուրքիայի համար ավանդական Արցախյան խնդրի նախապայմանը:
Եվ այդ տեսանկյունից իհարկե հետաքրքիր է, թե արդյո՞ք Անկարան պատրաստ է իրապես հրաժարվել արցախյան նախապայմանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Իսկ այդտեղ, իհարկե, հիմնական կամ գլխավոր ցուցիչը Էրդողանն է: Էրդողանի հայտարարության մեջ էլ չկա արցախյան նախապայման, սակայն մյուս կողմից՝ կարծես թե այն տողատակում է, քանի որ Էրդողանը դիտարկում է հայ-թուրքական հարաբերության հարցը ռեգիոնալ համատեքստում, այսինքն՝ անուղղակի կապում է Արցախյան խնդրի հետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:











































