Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանից բացակայում են առողջապահության, արտաքին գործերի, կրթության և գիտության, տարածքային կառավարման, սպորտի և երիտասարդության նախարարները:
ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը, դիմելով կառավարությանը և հիշեցնելով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության գործունեության ու պայքարի մասին, միաժամանակ հիշեցրեց՝ կառավարությունը բավական մեծ գումար է հատկացրել «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի հեռարձակման արտոնագիրը ձեռք բերելու համար: Ընդունելով հանդերձ ինտելեկտուալ խաղերի անհրաժեշտությունը՝ Արզումանյանն այստեղ խնդիր է տեսնում. այն, որ այդ հաղորդումը հայերենով անցկացնելու պահանջ դրված չէ:
«Հայտնի է, որ այսօր ամբողջ աշխարհում ռեյտինգների հետևից ընկնելով՝ ծրագրեր են վերցնում տեղայնացնում: Ինտելեկտուալ պաշարը զարգացնելու համար նման խաղերն անհրաժեշտ են, սակայն ինչո՞ւ այդ հաղորդումը հայերենով չի հեռարձակվում, ինչը պարտադրվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով: Կա «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում այն բրիտաներեն անցկացնել, կամ՝ «Հայաստանի ձայն» է, ինչ է, էն որ երգում են, դա էլ հոլանդերեն հաղորդում է, եկեք այն էլ հոլանդերենով անցկացնենք»,- ասաց նա:
Արզումանյանը միաժամանակ նշեց, որ հարևան Վրաստանը ևս կառավարության աջակցությամբ վրացերենով է հեռարձակում խաղը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այստեղ պետք է տարանջատել երկու բան. խաղը, որ գոյություն ունի միջազգային ֆորմատով, որ մրցակցային է, և ինտելեկտուալ շարժումն ու խաղին աջակցումը, որ տեղի է ունենում ամբողջ հանրապետության տարածքով, կա նաև «Վարչապետի գավաթ», դրանք բոլորը տեղի են ունենում հայերենով:
«Ինչ վերաբերում է այս խաղին, կա միջազգային լիգա, և պատկերացրեք՝ մեր հաղթողները մասնակցում են դրան, դրա աշխատանքային լեզուն ռուսերենն է: Այս տրամաբանությունից ելնելով՝ խաղի այդ մի կտորը տեղի է ունենում այդ լեզվով, իսկ խաղի, այսպես ասած, այսբերգն ամբողջովին՝ մայրենի լեզվով: Խախտում չկա, օրենքի համապատասխան դրույթ կա»,- ասաց նա:
Գաբրիելյանը նաև նշեց՝ խաղի մասնակիցներից մեկը, ամենակարկառունը՝ Սուրեն Աբովյանը, ինտելեկտուալ խաղ է վարում, ընդ որում՝ հայերենով: Նա նաև նշեց, որ ազգային փոքրամասնությունների համար որոշ ինտելեկտուալ խաղեր հեռարձակվում են համապատասխան լեզուներով, ինչը հարուցեց Արզումանյանի զարմանքը:
«Դուք ուղղակի ցիտեցիք, հա՞, Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, որտեղ ուղղակի գրված է՝ հեռուստահաղորդումների լեզուն հայերենն է՝ բացառությամբ փոքրամասնությունների հաղորդումների: Փոքրամասնությունը հայերենն է, հա՞»,- ասաց նա:
Արզումանյանը նաև նկատեց՝ ՈւԵՖԱ-ի լեզուն ֆրանսերենն է, ուրեմն ի՞նչ է՝ Ռուբեն Հայրապետյանը ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է: «Գնացեք դուրս, ռուսերենով խաղացեք, բայց եկեք Հայաստան՝ հայերենով խաղացեք»,- ասաց նա:







































