Այսօր Ազատության հրապարակից նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ազատամարտիկ կանայք երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր:
Եռագույն դրոշներով և պաստառներով կանայք ԱԺ կողքով անցնելիս միացան պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարողներին, որից հետո շարունակեցին ճանապարհը դեպի Բաղրամյան 26:
Այստեղ կանայք Սերժ Սարգյսանին նվիրեցին դատարկ և ծակ կաթսա՝ հորդորելով գալ և վերցնել նվերը: Ըստ նրանց՝ այսօր նմանատիպ դատարկ կաթսաներ ունեն հայ մայրերը, ովքեր որդի են տվել հայոց բանակին, բայց այսօր չեն կարողանում արժանապատիվ ապրել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ, երթի կազմակերպիչ Սուսաննա Մարգարյանն ասաց, որ առավոտյան զարթնում են` հացի, գիշերակացի մասին են մտածում, ինչքա՞ն կարելի է այդպես ապրել. «Սա ժողովրդին պահել չէ, սա ոտնատակ տալ է, բավակա՛ն է արդեն»:
Մեզ հետ զրույցում մեկ այլ ակտիվիստ՝ Աստղիկ Աղեկյանը, ասաց, որ մինչև ազգը չգա գիտակցության և միաբռունցք չդառնա, ոչնչի հնարավոր չի լինի հասնել:
Մանրամասները դիտեք տեանյութում:









































