Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում: Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն և ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:








































